Նախարարն աջակցություն է հայտնել համակարգչային գիտության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունն ընդլայնելուն


Նախարարն աջակցություն է հայտնել համակարգչային գիտության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունն ընդլայնելուն

  • 13-07-2017 11:51:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հյուրընկալել է Թուլուզի (Ֆրանսիա) Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի (ՀԳԱԻ) տնօրեն, պրոֆեսոր Միշել Դայդեին, ֆրանսիական մի 
շարք բուհերի ներկայացուցիչների` ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի ուղեկցությամբ։
 
Նախարարը, ողջունելով հյուրերին, գոհունակություն է հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային գիտության բնագավառում հայ-ֆրանսիական 15-ամյա արդյունավետ համագործակցության համար։
 
Միշել Դայդեն նույնպես ընդգծել է բարձր արտադրողականությամբ հաշվողական միջոցների ուղղությամբ երկարամյա հաջող գործակցությունը, ներկայացրել վերջին տարիներին իրականացվող կրթական նախագծերի արդյունքները:
 
Յուրի Շուքուրյանն անդրադարձել է Հայաստանում ինֆորմատիկայի զարգացման միտումների և հաշվողական գիտության ոլորտի վերաբերյալ ԳԱԱ-ի փորձին:
 
Հյուրերը հայտնել են, որ Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը պատրաստվում է Հայաստանի ԳԱԱ-ին նվիրել իրենց, այսպես կոչված, սուպեր համակարգիչը, որն ունակ է լուծելու տարբեր ոլորտներին վերաբերող դժվարագույն խնդիրներ ու հաշվարկներ։
 
Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել այս և մյուս ծրագրերի իրագործմանը։
 
Հանդիպման ընթացքում, որպես օրինակ, ներկայացվել են տրանսպորտային համակարգի արդիականացման ուղղությամբ անհրաժեշտ մաթեմատիկական հաշվարկները, ընդգծվել է նաև, որ տնտեսության տարբեր բնագավառներում առկա խնդիրների համար չափազանց օգտակար կլինի նվիրաբերվող սուպեր համակարգիչը։
 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն