Հայտնի են «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի հաղթողները


Հայտնի են «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի հաղթողները

  • 13-07-2017 12:57:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 12-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց թվով երրորդ «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթը: Այս տարվա հաղթողների աչքերով՝ մեդիան մի կողմից սենսացիաներ ու կարծրատիպեր տարածելու, մյուս կողմից հասարակական փոփոխության հասնելու գործիք է:
 
«Մտերիմներիս հուշեցի անվստահելի կայքերի ցանկը, մի երկու անգամ էլ առաջարկեցի կասկածել: Ապա հուշմանս արդյունքները տեսնելով՝ հուշեցի` երբեմն նաև հավատալ գրվածին: Տեսա «Տարածեք, քանի չեն ջնջել» վերնագիրը, և քիչ մնաց` տարածեի, քանի չէին ջնջել, մինչդեռ իրականում պետք էր ջնջել, քանի չէին տարածել»,- գրում է Վիկտորյա Մարկոսյանն, ով արժանացել է առաջին մրցանակին:
 
Երկրորդ մրցանակակիր Արփի Ջանյանը գրում է մեդիասպառողի դասական կերպարի մասին. «Ես կարող էի ավելի լավը լինել, բայց դա ձեզնից շատ աշխատանք է պահանջում: Այն, թե ինչպիսին եմ ես, կախված է, թե ինչով եք սնում ինձ: Ինչ պահանջարկ եք ստեղծում և ինչ առաջարկ ապահովում»: Ապա առաջարկում է մեդիան դարձնել գաղափարախոսությունների բախման հարթակ, ոչ թե բամբասանքներ տարածող «փչացած հեռախոս»:
 
Իսկ երրորդ տեղը զբաղեցրած Լուիզա Վարդանյանը ժուռնալիստիկա ուսանելու 3 տարիների ընթացքում պարզել է իր ընտրած մասնագիտության նշանակությունը. «Հասկացա, որ գժվելու աստիճան սիրում եմ մեդիան։ Հասկացա, որ հմուտ ինժեներների ընտանիքից կարող է լավ ժուռնալիստ–մեդիագետ դուրս գալ։ Հասկացա, որ մեդիան կարող է լինել անհավատալի փոփոխությունների գործիք»: 
 
Լրագրության դասախոսներից ու խմբագիրներից կազմված ժյուրին, անանուն հայտերը գնահատելով, 3 մրցանակակիրներից բացի ընտրել է նաև խրախուսանքի արժանի 2 աշխատանք: Ստորև մրցանակակիրների ամբողջական ցանկն է.
 
1-ին մրցանակ` Վիկտորյա Մարկոսյան (ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ),
2-րդ մրցանակ՝ Արփի Ջանյան (Հայաստանի ամերիկյան համալսարան, Գործարար կառավարման ֆակուլտետ),
3-րդ մրցանակ՝ Լուիզա Վարդանյան (Հայաստանի ամերիկյան համալսարան, Անգլերենի և հաղորդակցության ֆակուլտետ),
խրախուսական մրցանակներ՝ Արփինե Առաքելյան (ԵՊՀ, Իրավագիտության ֆակուլտետ), Տաթևիկ Առուստամյան (ՀՊՏՀ, Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ):
 
Հաղթողները ստացան նվեր քարտեր՝ գրքեր և ուսուցողական փաթեթներ ձեռք բերելու հնարավորությամբ, իսկ լավագույն նյութի հեղինակն արժանացավ ուսման վարձի փոխհատուցման`հարյուր հազար դրամի չափով: 
 
Հաղթողների աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, որտեղ հասանելի են նաև նախորդ երկու մրցույթների լավագույն էսսեները:
«Ես եմ մեդիան» մրցույթը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի մաս է՝ուղղված  հասարակության, մասնավորապես երիտասարդների շրջանում մեդիայի ու տեղեկատվության թեմայով քննարկման ակտիվացմանը, մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը:  Ծրագիրը ներառում է նաև այլ բաղադրիչներ՝ ուսուցիչների և գրադարանավարների վերապատրաստումներ, դասընթացի ներդրում դպրոցներում և բուհերում, ուսուցողական համակարգչային խաղեր և այլն: 
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանին, հեռ.` 010 58 36 20, էլ.փոստ` lgrigoryan@mediainitiatives.am:
 
«Ես եմ մեդիան» մրցույթն անցկացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում,  ինչպես նաև Վիշեգրադ միջազգային հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ “Transitions” (TOL) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ապակոդավորելով կեղծ տեղեկատվությունը. պրոֆեսիոնալ և ուսանող լրագրողների կրթական ծրագրի» շրջանակում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play