Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանատներում ընդունելություններ կկազմակերպվեն. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե


Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանատներում ընդունելություններ կկազմակերպվեն. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

  • 13-07-2017 13:43:57   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հուլիսի 14-ին Ֆրանսիայում նշվում է Ազգային տոնը: Նախորդ տարիների պես, այս տարի ևս այդ կապակցությամբ տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ` առանց էական փոփոխությունների: 
Ինչպես հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, բարձրաստիճան պաշտոնայների մասնակցությամբ Ելիսեյան դաշտերում անցկացվելու է ավանդական զորահանդեսը, որն ընդունելու է երկրի նախագահը: 
 
Նրա փոխանցմամբ` ֆրանսիացիներն Ազգային տոնը հիմնականում նշում են բացօթյա միջոցառումներով, մասնավորապես, Ֆրանսիայի հրշեջ ծառայությունները հանդես են գալիս պարահանդեսներով, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանատներում կազմակերպվում է ընդունելիություն: 
«Ազգային տոնը Ֆրանսիայում հռչակվել է 1880 թվականին: Ի հակառակ տարածված այն կարծիքի` որի համաձայն` հուլիսի 14-ն ասոցացվում է Բաստիլի բերդի գրավման հետ, ապա պետք է ասեմ, որ ոչ, դա այդքան էլ այդպես չէ: Այդ տոնակատարության խորհրդանիշը հիմնականում մարմնավորված է մեկ այլ 1790 թվականի համադաշնության հիմնադրման տարեթվով»,- ասաց Ժ. Ֆ. Շարպանտիեն` ընդգծելով, որ Ազգային տոնն իր մեջ երկու բաղադրիչ ունի:  
 
Նրա խոսքերով` առաջինը դա Բաստլի գրավմամբ բացարձակ մենիշխանությանը վերջ դնելն է, մյուսը` համադաշնության տոնը, որն իր հերթին խորհրդանշում է մեծ ծրագրի կամ գաղափարի շուրջ մոբիլիզացված ֆրանսիացի ազգի տոնը:
Անդրադառնալով  հայ-ֆրանսիական հարաբերություններին` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը փաստեց, որ ի տարբերություն երկկողմ քաղաքական հարաբերությունների, տնտեսական հարաբերություններն ավելի ցածր մակարդակի վրա են: 
 
Դեսպանի փոխանցմամբ` Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է 50 մլն եվրո, սակայն այդ հանգամանքը չի խանգարում, որպեսզի ֆրանսիական ընկերություններն իրենց ակտիվ ներկայությունն ապահովեն այստեղ: 
Ըստ Ժ. Ֆ. Շարպանտիեի` ֆրանսիական ընկերություններին մինչ օրս այդքան էլ չէր հետաքրքրում հայկական շուկան, սակայն Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և Իրանի ու Կենտրոնական Ասիայի երկերների շուկաներ մուտք ունենալով պայմանավորված, հետաքրքրությունը մեծացել է: 
 
Որպես վառ օրինակ` նա նշեց ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության և ՀԷՑ-ի միջև համագործակցությունը, որի արդյունքում Հայաստանում բացվել է էներգետիկ ոլորտին նվիրված հետազոտական լաբորատորիա: 
Դրանից բացի, Ժ. Ֆ. Շարպանտիեն տեղեկացրեց, որ ֆրանսիական երկու դեղագործական ընկերություններ՝ «Սանոֆին» և «Սերվիեն» արդեն հաստատվել են Հայաստանում:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն