Վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ ներկայացված հայցերի հետ կապված ֆինանսական հարցերում օգնել է հայկական սփյուռքը


Վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ ներկայացված հայցերի հետ կապված ֆինանսական հարցերում օգնել է հայկական սփյուռքը

  • 13-07-2017 16:43:31   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պոդոլսկի մոտակայքում 18 զոհի պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի համար մեղադրված բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը մոտ ժամանակներս կարտահանձնվի Հայաստան: Հանձնման գործընթացը ձգձգվում էր զոհերի հարազատներից ստացված քաղաքացիական հայցերի պատճառով, այժմ բոլոր ֆինանսական հարցերը լուծված են՝ հայկական սփյուռքի նվիրատվությունների շնորհիվ, գրում է gazeta.ru-ն:
 
Հրաչյա Հարությունյանը 2014 թվականի օգոստոսին դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Ինչպես հայտնել են gazeta.ru-ին Հայաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից, հայցի բավարարումն իրականացվել է հայկական սփյուռքի անդամների նվիրատվությունների շնորհիվ:
 
Ավելի վաղ ԶԼՄ-ներում նշվում էր մոտ 18 միլիոն ռուբլի գումար, տեղեկությունների համաձայն՝ այդքան էին ընդհանուր առմամբ պահանջում վճարել զոհերի բարեկամները: Հայաստանի արդարադատության նախարարությունից նշել են, որ իրական գումարն ավելի քիչ է, բայց գումարի չափը, այնուամենայնիվ, չեն հայտնել:
 
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ Պոդոլսկի մոտակայքում 2013 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած և 6,9 տարի ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու օրը դեռ պարզ չէ:  
 
ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնել էին, որ Հարությունյանի փոխանցման գործընթացն ընթանում է միջազգային պայմանագրով սահմանված կարգով: 
 
«Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանի փոխանցման գործընթացն ընթանում է միջազգային պայմանագրով սահմանված կարգով, և դատապարտյալի փոխանցումն իրականացնելուց հետո ՀՀ արդարադատության նախարարությունը հանրությանը կտեղեկացնի լրացուցիչ»,-հայտնել էին Արդարադատության նախարարությունից: 
 
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Տամբովի մարզի շրջանային դատարանը որոշում էր ընդունել դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին Ռուսաստանից Հայաստան տեղափոխելու մասին, որն ուժի մեջ էր մտել հուլիսի 4-ին: 
 
Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել: 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը