Եթե չխոսենք Ցեղասպանության մասին, նույն սխալներն էլի կկրկնենք. Գարո Փայլան


Եթե չխոսենք Ցեղասպանության մասին, նույն սխալներն էլի կկրկնենք. Գարո Փայլան

  • 13-07-2017 18:05:02   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի մեջլիսում խոսելն արգելող փոփոխությունների փաթեթը քննարկման է դրվել մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:
 
Փոփոխությունների այս առաջարկին դեմ են հանդես գալիս քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու քրդամետ Ժողովուրդների հանրապետական կուսակցությունը:
 
Վերջինիս հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով 2017 թվականին պատժվել էր մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, փոփոխությունների առաջարկն անվանել է «ԱԶԿ-ԱՇԿ ազգայնական ավտորիտար կոալիցիայի առաջարկ»:
 
«Որպես Թուրքիայի հայ՝ ցանկանում եմ, որ իմ պապերի գլխին եկած մեծ դժբախտության մասին իմ երկրի խորհրդարանում խոսվի: Եթե Թուրքիան արգելի դա, իսկ մյուս խորհրդարաններում այս մասին խոսեն, դա ինձ շատ կվշտացնի: Իհարկե, կան խորհրդարաններ, որ խնդիրը կօգտագործեն լավ նպատակով՝ խոսելով այս ցավի մասին, սակայն որոշ խորհրդարաններ էլ այս հարցը կօգտագործեն որպես Թուրքիայի նկատմամբ ճնշման միջոց: Ես չեմ ցանկանում, որ որևէ խորհրդարանում այս ցավի մասին խոսվի, և դա կարող է կանխվել միայն այն դեպքում, երբ Թուրքիայի խորհրդարանում կխոսեն այս մասին»,- ասել է Գարո Փայլանը:
 
Հիշելով իր հետ 2017 թվականի հունվարին կատարվածը՝ նա նշել է, որ իր նպատակն այդ ժամանակ նախազգուշացնելն էր՝ հեռու մնալու անցյալի սխալների կրկնումից: «Այսօր այն մարդիկ, ովքեր այս օրենքն են կազմել, ինձ լինչի դատաստանի ենթարկեցին «ցեղասպանություն» եզրույթի համար, հեռացվեցի մեջլիսի 3 նիստի աշխատանքներից: Այսօր ներկայացվող բանաձևում դա նշվում է որպես «վիրավորանք թուրք ժողովրդի նկատմամբ»: Սակայն մենք գիտենք, որ Թուրքիայի հասարակությունը բազմալեզու է և բազմէթնիկ: Հենց այդ պատճառով էլ կարևոր է մեջլիսում խոսելն ու կատարվածին իրական անուն տալը: Եթե չխոսենք, նույն սխալներն էլի կկրկնենք»,- ընդգծել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play