«Արցախ ֆրութ» ընկերությունն աշխատակիցների կարիք ունի. տնօրեն (լուսանկարներ)


«Արցախ ֆրութ» ընկերությունն աշխատակիցների կարիք ունի. տնօրեն (լուսանկարներ)

  • 13-07-2017 17:56:50   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Արցախ ֆրութ» ընկերությունն ստեղծվել է 2008 թվականին, իսկ 2009-ին թողարկվել է առաջին արտադրանքը:
 
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախ ֆրուտ» պտուղ-բանջարեղենի մթերման ընկերության տնօրեն Արմեն Ծատրյանը՝ նշելով, որ ընկերության ապրանքները հիմնականում արտահանում են Ռուսաստանի Դաշնություն, իսկ մի մասն էլ՝ Եվրոպա. այս տարվանից ուզում են այլ երկրներ ևս ընդգրկել:
 
«Գործարանն արտադրում է շուրջ 52 տեսակի պահածոներ, մարինադներ, մուրաբաներ, ջեմեր, կոմպոտներ: Ունենք մասնաճյուղ նաև Հայաստանում: Գործարանի 70 տոկոս մթերքը Արցախից են ձեռք բերում, մնացածը՝ Հայաստանից: Սակայն ընկերությունն ունի նաև իրացման խնդիր, ոչ թե նրա համար, որ ընկերության արտադրանքի որակն զիջում է այլ ընկերությունների արտադրանքին, այլ կան ավելի գլոբալ խնդիրներ. դրանց հաղթահարման գործընթացի վրա ենք աշխատում: Ձգտում ենք նոր շուկաներ փնտրել. շատերի կողմից արդեն համագործակցության առաջարկություններ ենք ստացել,-ասել է տնօրենը և շարունակել,- ընկերությունում աշխատում է 46 հոգի: Մեր ամենացավոտ խնդիրն աշխատուժի պակասի հարցն է. 10-15 լավ աշխատողների պահանջարկ ունենք: 2 ամիս առաջ հայտարարություն ենք տվել Արցախի հանրային հեռուստատեսությամբ, սակայն դեռևս 1 հոգի է արձագանքել: Տարիքային սահմանափակություն մեզ մոտ համարյա չկա. կարող են 18-60 տարեկան աղջիկներ և կանայք: Մեր աշխատողների միջին աշխատավարձը 80-100 հազար դրամ է: Կան մարդիկ ովքեր ավելի շատ են վաստակում. աշխատողների աշխատավարձը գործավարձային է»:
 
Ա. Ծատրյանի տեղեկացմամբ՝ ընկերությունը հագեցած է նորմալ սարքավորումներով, սակայն նոր տեսականի արտադրելու համար անհրաժեշտություն կա նաև այլ սարքավորումների: Խոսելով սեփական հումքի արտադրության մասին՝ նա գտնում է, որ ավելի ճիշտն այն կլինի, որ արտադրողն զբաղվի միայն արտադրությամբ:
 
«Մեր ընկերությունը, մասնակցելով տարբեր ցուցահանդես-վաճառքների, ձեռք է բերում նաև նոր գործընկեր ու նոր շուկաներ: Գլոբալ խնդիրներից մեկն էլ այն է, որ ապրանքի մի մասը ձեռք ենք բերում ՀՀ-ից, որը նույնպես ազդում է արտադրանքի գների վրա: Ցանկալի կլիներ, որ լրիվությամբ միայն տեղական հումքով աշխատեինք:
 
Ռաիսա Գասպարյանը, ով արդեն 8 տարի է, ինչ աշխատում է ընկերությունում, մեզ հետ զրույցում պատմել է.
 
«Մենք մուրաբաներ ենք եփում, մարինադներ, կոմպոտներ, պահածոներ պատրաստում:
 
Սեզոնի ամենաաշխատատար և ծանր ժամանակը օգոստոսն է: Մենք դժգոհ չենք մեր աշխատավարձից.
 
ինչքան աշխատում, այնքան էլ վաստակում ենք:
 
Ունենք ընդմիջման ժամեր»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը