Սերժ Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, բարձրացել մարտական դիրքեր


Սերժ Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, բարձրացել մարտական դիրքեր

  • 13-07-2017 17:46:05   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:
 
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն այցելել է հյուսիսարեւելյան սահմանագոտու մարտական դիրքերից մեկը՝ շրջայց կատարել մարտական հենակետում եւ ծանոթացել ծառայության անցկացման ու զինվորների կենցաղային պայմաններին, ինժեներական եւ ամրաշինական կառույցների, մարտական պատրաստականության վիճակին: Հանրապետության Նախագահը նվերներով խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ եւ խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների եւ զինվորների: Նախագահը շնորհակալություն է հայտնել հայրենիքի պաշտպաններին, մաղթել նրանց հաջողություն, բարի ծառայություն եւ ընդգծել, որ նրանց բարեխիղճ ծառայությունը մեծապես գնահատվում է եւ նրանց շնորհիվ մեր ժողովուրդը կարողանում է հանգիստ ապրել, աշխատել եւ զարգացնել մեր հայրենիքը:
 
Սերժ Սարգսյանն այնուհետեւ մասնակցել է Իջեւանում տեղակայված զորամասի նոր մշտական տեղակայման վայրի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարարը, զորամասի հրամանատարը, ԶՈՒ հոգեւոր առաջնորդը, պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը: Նորակառույց զինավանի բացմանը նվիրված միտինգից եւ հանդիսավոր երթից հետո Հանրապետության նախագահը շրջայց է կատարել զորանոցում, ծանոթացել պայմաններին, զրուցել անձնակազմի հետ եւ զինվորական ճաշարանում ճաշել զինվորների ու հրամանատարների հետ:
 
Նույն օրը պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում նախագահը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն