Էրիկ Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիի գլխավորած պատվիրակությանը


Էրիկ Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիի գլխավորած պատվիրակությանը

  • 14-07-2017 12:26:30   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ համատեղ նիստի Փոխըմբռնման հուշագրի կատարման ընթացքը վերահսկող հանձնախմբի նիստի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանության ոլորտում կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր` մասնավորապես շեշտադրվել են Փոխըմբռնման հուշագրի կետերով նախանշված գործողություններն ու  դրանց իրականացման ժամկետները:    
 
Փաստաթղթի շրջանակներում իրանական կողմն անդրադարձել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Արաքս գետի աղտոտման խնդրին և կեղտաջրերի շրջանառու փակ համակարգի ներդրման ժամանակացույցին վերաբերվող հարցերին։
 <<Ջրային ռեսուրսների կառավարման հարցերը չեն կարող սահմանափակվել մեկ աղտոտման աղբյուրի առկայությամբ` փաստելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում ձևավորվող  ջրային ռեսուրսների մեծ մասը թափվում է Արաքս գետ, ինչը հարևան երկրների կողմից օգտագործվում է ոռոգման և այլ նպատակներով, որն էլ  խիստ ուշագրավ է տարածաշրջանում քաղցրահամ ջրի սակավության  ֆոնին>>, - նշել է  ՀՀ բնապահպանության նախարարի  առաջին տեղակալ  Է. Գրիգորյանը: Վկայակոչելով  ջրի որակի մոնիթորինգի տվյալները` նախարարի տեղակալը կարևորել է նաև մոնիթորինգային աշխատանքային խմբի կողմից Հայաստանին ոչ սահմանակից հատվածում աղտոտման աղբյուրների և ջրառի ծավալների ուսումնասիրության խնդիրը:  
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև էկոհամակարգային ծառայությունների միջազգային ընդունված փորձին, ինչպես նաև քննարկել են Փոխըմբռնման հուշագրով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքում միջագային դոնոր կազմակերպությունների ներգրավման հնարավորությունները և այլ հարցեր:       
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալիռեզա Դաեմին կարևորել է ընդունված ծրագրի իրականացումը և իրանական փորձի  ուսումնասիրման նպատակով Հայկական պատվիրակությանը հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչի հիման վրա հետագայում առավել իրատեսորեն կմշակվի փակ համակարգի ներդրման տեխնիկական, ֆինանսավորման և ժամկետների հարցերը։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play