Բաքվից բռնգաղթված և Մոսկվայում հաստատված հայ փախստականները հայտնվել են փողոցում` ենթարկվելով իշխանությունների հալածանքներին (տեսանյութ)


Բաքվից բռնգաղթված և Մոսկվայում հաստատված հայ փախստականները հայտնվել են փողոցում` ենթարկվելով իշխանությունների հալածանքներին (տեսանյութ)

  • 14-07-2017 16:13:04   | Հայաստան  |  Իրավունք



 
1990 թվականին Բաքվից բռնգաղթված և Մոսկվայում հաստատված հայ փախստականները հուլիսի 5-ից հայտնվել են փողոցում` ենթարկվելով իշխանությունների հալածանքներին: Ինչպես հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը, ժամանակին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Բաքվից բռնագաղթվածներին տեղավորել է Մոսկվայում Հարավ-արևմտյան թաղամասի մի շենքում, բաղկացած մոտ 140 բնակարանից: 
 
Ըստ նրա` այսօր այդ 140 ընտանիքները, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, բայց չունեն բնակարանները սեփականաշնորհելու իրավունք, քանի որ մինչ օրս ունեն փախստականի կարգավիճակ և ներկայումս առանց դատական որոշման հայտնվել են փողոցում: 
«Մոսկվայում այսօր Ռուսաստանի իշխանությունները հալածում են Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնագաղթված հայ փախստականներին: Պաշտոնական Կրեմլը Խորհրդային միության իրավահաջորդն է, որը որոշակի պարտավորություններ ունի հայ փախստականների նկատմամբ, սակայն դրանք իրականացնելու փոխարեն հալածում է վերջիններիս»,- նշեց Մ. Ավագյանը: 
 
Վերջինիս պնդմամբ` արդեն 29 տարի է, ինչ  Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների խնդիրներն ամեն կերպ շրջանցվում են թե հայկական իշխանությունների, թե քաղաքական գործիչների և փորձագետների, թե միջազգային այնպիսի կառույցների կողմից, որոնք ի պաշտոնե պարտավոր են զբաղվել փախստականների հարցերով ամբողջ աշխարհում:
 
Նրա խոսքերով` հայ փախստականների նկատմամբ վերոնշյալ օղակների նման դիրքորոշումը մեկ նպատակ ունի. Այն է` ընդհանրապես ցրել հայ փախստականներին աշխարհով մեկ` նրանց զրկելով մշակութային ինքնությունից և դարձնելով անդեմ փոքրամասնություն: 
Բաքվից բռնագաղթված հայ փախստականների իրավունքների նկատմամբ նման արհամարհական վերաբերմունքը Մ. Ավագյանը կապում է Հայաստանի թույլ և կամակատար իշխանությունների ու բարձրաստիճան պաշտոնյանների անգործության հետ: 
 
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգողի պնդմամբ` Բաքվից բռնագաղթված փախստականների հարցը չի հետաքրքրում և չի հուզում ՀՀ Սփյուռքի նախարարությանը, մինչդեռ այս կառույցը պարտավոր է բացի սիրահայ փախստականներից, զբաղվել նաև Բաքվից բռնագաղթված հայ փախստականների հարցերով: 
 
Լրագրողի այն դիտարկմանը, թե վերոնշյալ հարցով ի՞նչ քայլեր է ձեռնակում Ռուսաստանում Հայերի միությունը, լրագրող, հեռուստամեկնաբան Ալեքսանդր Գրիգորյանը փաստեց, որ այդ կառույցն ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի` թքած ունի հայ փախստականների վրա: 
«Արա Աբրահամյանն այն անձն է, ով ձևական է նստած այնտեղ և իր շուրջն է հավաքել մի խումբ մարդկանց, որոնք չեն ուզում ոչնչով զբաղվել: Ես նրանց հետ մի քանի անգամ շփվել եմ և այդպես էլ չեմ հասկացել, թե նրանք ինչով են զբաղվում»,- նշեց նա` ընդգծելով, որ Ռուսաստանում վտանգի տակ հայտված հայ փախստականների միակ փրկությունն  Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելն է: 
 
Բանախոսները համոզված են, որ հայ փախստականների նկատմամբ նման արհամարհանքը քաղաքական հրահանգի արդյունք է, որի նպատակն է թույլ չտալ հայերին միավորվել կամ մեկտեղվել մեկ վայրում, այլ ցիրուցան լինել աշխարհի տարբեր երկրներում:   
Նրանք ստեղծված իրավիճակը համարում են ռուս-թուրքական հերթական սիրաշահության փուլի արդյունք: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք