Բացառիկ հնարավորություն պահարանում մոռացված տարազը հանրությանը ներկայացնելու համար. Երևանում կանցկացվի «ԱԶԳԱՅԻՆ Տարազ» մրցույթ-փառատոնը (տեսանյութ)


Բացառիկ հնարավորություն պահարանում մոռացված տարազը հանրությանը ներկայացնելու համար. Երևանում կանցկացվի «ԱԶԳԱՅԻՆ Տարազ» մրցույթ-փառատոնը (տեսանյութ)

  • 14-07-2017 18:12:39   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «ԱԶԳԱՅԻՆ Տարազ» մրցույթ-փառատոնը: Այն մեկնարկելու է հուլիսի 30-ին և ավարտվելու է օգոստոսի 15-ին: 
Այս մասին հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց նախաձեռնության հեղինակ-կազմակերպիչ, հասարակական գործիչ և իրավաբան Էմիլ Մարկոսյանը: 
 
Ըստ նրա`  գաղափարն առաջացել է շատ պատահականորեն և մեկ օրվա ընթացքում որոշվել է կազմակերպել մի միջոցառում, որի նպատակն է պահպանել ազգային արժեքներն ու մշակույթը:  
«Մինչ օրս մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել 75 անհատ, որոնք իրենց անձնական ազգային տարազներով գալու են մասնակցեն փառատոնին»,- ասաց Է. Մարկոսյանը` շեշտելով, որ փառատնի ոչ մրցութային, սակայն շոու ծրագրին իրենց տարազների ցուցադրությամբ կմասնակցեն նաև մի շարք հագուստի մոդելավորողներ: 
 
«ԱԶԳԱՅԻՆ Տարազ»-ի կազմակերպչի խոսքերով` մրցույթ-փառատոնն անցկացվելու է 3 փուլով, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում համակարգող խմբում գտնվող մասնագետներն աշխատելու են մասնակիցների հետ: 
 
Մշակույթի նախարարության Հայաստանի գուսանական  և ժողովրդական երգի պետական անսամբլի խմբավար և մեներգչուհի Լաուրա Մամյանն իր հերթին նշեց, որ մրցույթ-փառատոնի մասնակիցներն ազգային տարազները ցուցադրելուց բացի, պետք է նաև ըստ կարողությունների` երգեն, պարեն, ասմունքեն և այլն: 
«Մրցույթի առաջին փուլում պրոֆեսիոնալ մասնագետներից բաղկացած ժյուրին անցկացնելու է նախնական դիտում, որպեսզի կարողանանք ընտրել մասնակիցներին` ելնելով նրանց տարազների, երգի, պարի կամ ասմունքի ընտրությունից ու կատարումից»,- ընդգծեց նա` հավելելով, որ մրցութային երկրորդ փուլ անցած մասնակիցները հանդես կգան իրենց կատարումներով: 
 
Լավագույն տարազ կրող և կատարումներով հանդես եկած մասնակիցները կանցնեն եզրափակիչ փուլ: 
Չբացելով բոլոր փակագծերը` Լ. Մամյանը միայն նշեց, որ երրորդ եզրափակիչ փուլում մեծ տոնախմբություն է սպասվում նաև հայտնի երգի-երգչուհիների և կոլեկտիվների մասնակցությամբ: Այն անցկացվելու է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: 
Մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցները ստանալու են պատվոգրեր, իսկ մի շարք նոմինացիաներում հաղթողները`նաև նվերներ: 
 
Հանրահայտ հագուստի դիզայներ, մոդելավորող Արտյոմ Սյունեցիի խոսքերով` վաղուց ժամանակն է, որպեսզի էթնիկ տարազները մոդերնիզացված տարբերակով ցուցադրվեն հասարակության շրջանում և հատկապես երիտասարդների, որպեսզի վերջիններս չամաչեն ազգային տարազները կրելուց, ավելին` այն դարձնեն իրենց առօրյա հագուստի անբաժանելի մաս: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play