Բավրայում շահագործվում է հնդկացորենի վերամշակման գործարան


Բավրայում շահագործվում է հնդկացորենի վերամշակման գործարան

  • 14-07-2017 15:14:48   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 Առաջին հայկական հնդկացորենը մոտ օրերս արդեն կլինի հայաստանյան խանութներում։                                             Անկախությունից ի վեր արտերկրից հնդկացորեն ներկրող Հայաստանն իր սեփական արտադրանքը  կունենա              Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ։ 
 
 Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա գյուղում «Նոր հատիկ» անվանումը կրող հնդկացորենի արտադրամասի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 14-ին,  ժամը 12:30-ին:
 
           Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ENPARD «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագիրը 2015 թվականից ի վեր աշխատում է առաջնային արտադրող և վերամշակող 53 կոոպերատիվների հետ։
            Բավրայի արտադրամասին մշտապես հնդկացորեն ապահովելու համար հնդկացորեն արտադրող 67 համայնքների 551 ֆերմերներն ընդգրկվել են Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 կոոպերատիվներում։ Կոոպերատիվները հնդկացորեն են մատակարարելու կամ Բավրայի, կամ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի հնդկացորենի արտադրամասերին։
         2016 թվականին ծրագիրն առաջնային արտադրության կոոպերատիվներին տրամադրել է հնդկացորենի սերմ   և   պարարտանյութ, իսկ   մայր   կոոպերատիվներին`   հնդկացորենի   վերամշակման   գործարաններ։ Արդյունքում՝   մշակվել   է   520   հեկտար   հողատարածք`1   հեկտարից   արձանագրելով   միջինը   1,2   տոննա
հնդկացորենի բերք։ Բացի այդ, ծրագրի աջակցությամբ միջազգային և տեղական փորձագետների կողմից անցկացվել են ֆերմերների ուսուցումներ  հնդկացորենի  ցանքի,  պարարտացման,  բերքահավաքի,  բերքի պահպանման, վերամշակման, ինչպես նաև հնդկացորենի մեղրի արտադրության կազմակերպման վերաբերյալ: 
Բավրայի մայր գործարանի շինարարական աշխատանքները ֆինանսավորվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, իսկ իրականացվել՝ կոոպերատիվի կողմից։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, լինելով Հայաստանի և Արցախի զարգացման ջատագովն արդեն 25 տարի, մեծ ուշադրություն է հատկացնում գյուղատնտեսությանը՝ գիտակցելով գյուղացու սեփական ձեռքով իր կայուն եկամուտն ապահովելու կարևորությունը։ Օրինակ՝ Հիմնադրամը Տավուշի մարզում 2011-ից գործարկում է Հիմնատավուշ զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան  500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ Բոլորովին վերջերս էլ՝ հուլիսի 12-ին, Հիմնադրամի արգենտինահայ և  ավստրալահայ բարերարների ֆինանսավորմամբ նույն Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը՝ նվիրված տավուշցի 100-րդ ընտանիքին։ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) նպատակն է գյուղատնտեսության, արտադրող խմբերի և  արժեշղթաների կայուն զարգացումը: ENPARD-ի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության  բաղադրիչն  իրականացվում  է ՄԱԱԶԿ/UNIDO-ի  և ՄԱԶԾ/UNDP-ի  կողմից։ Ծրագրի նպատակն է հզորացնել գյուղմթերք արտադրող խմբերին, նրանց ներգրավել արժեշղթաների զարգացման մեջ, ամրապնդել բարձրորակ և  մատչելի արտադրանքի արժեշղթաները, նպաստել գյուղական վայրերի զարգացմանը, ընդլայնել տեղական և  միջազգային շուկաներ մուտք  գործելու հնարավորությունները, և Հայաստանում ներդնել գյուղատնտեսական արտադրության և մշակման լավագույն փորձը:
           Ծրագրի անմիջական շահառուներն  են գյուղմթերք  արտադրողները,  արտադրող  խմբերի անդամները  և նրանց ընտանիքները, գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված խմբերը, ինչպես նաև Հայաստանի սպառողները: Ծրագիրն առանձնակի ուշադրություն է դարձնում կանանց և երիտասարդների խմբերին:
           Եռամյա ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին և իրականացվում է Հայաստանի 7 մարզերում՝ Շիրակ, Լոռի, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության (2.4 միլիոն եվրո) և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից (1 միլիոն եվրո):
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն