«Ամենևին արդար չէ, որ Արցախը դուրս է մնացել եվրոպական ինստիտուտների ուշադրության կենտրոնից». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)


«Ամենևին արդար չէ, որ Արցախը դուրս է մնացել եվրոպական ինստիտուտների ուշադրության կենտրոնից». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

  • 14-07-2017 16:04:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական



«Ամենևին արդար չէ, որ Արցախը դուրս է մնացել եվրոպական ինստիտուտների ուշադրության կենտրոնից». Ռուբեն Մելիքյան
«Այսօր Արցախում Եվրոպայի և ընդհանրապես բոլոր միջազգային կառույցների ներգրավվածությունը հավասար է զրոյի, այդ առումով մենք բավական անելիք ունենք, և հենց այս նախաձեռնության բուն նպատակը դրանում է կայանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  Բելգիայի Հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանը:
 
Նշենք, որ Հայաստանի ընդհանուր բարեգործական միությունը (ՀԸԲՄ) մեկնարկել է ստորագրահավաք-արշավ՝ կոչ անելով Եվրամիությանը և եվրոպական մարդասիրական կազմակերպություններին՝ ներգրավվել Արցախի ժողովրդի կյանքում:
 
168.am-ի հարցին, թե՝ նրանց ներգրավվածությունը միայն ֆինանսական առումո՞վ է լինելու, Շ. Մինասյանը պատասխանեց. «Ո՛չ միայն ֆինանսական, բայց ինչո՞ւ չէ, նաև ֆինանսական: Առաջարկելու ենք այցելություններ, հասարակական կառույցների համագործակցություն, նաև փոխայցելություններ»:
 
ՀԸԲՄ-ի ղեկավար Դալար Կազանջյանը նշեց, որ իրենց նպատակն այն է, որ Արցախի ժողովուրդը բարեկեցիկ կյանք ունենա, որ Արցախը զարգանա. «Մենք աշխատում ենք տարբեր կողմերի հետ, որպեսզի հասնենք այդ նպատակին, իրականացնենք մեր ստրատեգիան: Մենք ուզում ենք, որ Ղարաբաղյան հարցը դրվի միջազգային քննարկման»:
 
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց, որ Եվրոպայի ներգրավվածությունը կարևոր է առաջին հերթին՝ քաղաքակրթական պատճառներով. «Արցախը, լինելով Եվրոպայի մաս, ամենևին արդար չէ, որ դուրս է մնացել եվրոպական ինստիտուտների, այդ թվում նաև՝ մարդու իրավունքների ինստիտուտների ուշադրության կենտրոնից»:
 
Հարցին, թե արդյոք այս վերջին սահմանային սրացումները նպաստեցի՞ն այս ստորագրահավաքի մեկնարկին, Ռ. Մելիքյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ՝ կարելի է 2016 թվականի ապրիլյան դեպքերը դիտել՝  որպես բաժանարար գիծ, և դրանից հետո ես ակնհայտ տեսնում եմ մեր սփյուռքյան կառույցների ուշադրության մեծացումն Արցախի հիմնախնդրի հետ կապված: Ես հատկապես կարևորում եմ իրավապաշտպան կառույցների առկայությունն Արցախում: Ես վստահ եմ, որ դա իր շատ մեծ դրական դերը կունենա խաղաղության տեսանկյունից»:
 
Լրագրողներից մեկ հարցին էլ, թե արդյոք այսօր Արցախում մարդու իրավունքները պաշտպանվո՞ւմ են եվրոպական չափանիշերին համապատասխան, Արցախի ՄԻՊ-ը պատասխանեց, որ իրենք փորձում են ամեն ինչ անել այդ ուղղությամբ. «Մենք, լինելով չճանաչված պետություն, ամեն ինչ անում ենք, որպեսզի այս ուղղությամբ քայլեր ձեռնարկենք, որովհետև սա մեզ է պետք, որովհետև մենք մեզ Եվրոպայի մաս ենք զգում»:
 
ՀԸԲՄ Եվրոպայի տնօրեն Նիկոլա Դավիթյանն էլ նշեց, որ իրենց նպատակն է, որ Եվրոպական միության պաշտոնյաները կարողանան գնալ Արցախ և օժանդակություն բերեն ժողովրդին. «Դա սկսել ենք հունիս ամսից, դիմել ենք բոլոր ԵՄ կառույցներին: ԵՄ-ն ունի մի քաղաքակրթություն, որը կոչվում է հարաբերություններ՝ առանց ճանաչման: Մարդու իրավունքների տեսանկյունից այնտեղ խնդիրներ կան, պատերազմ կա, և պետք է կարողանալ ամեն ինչ անել, որ ԵՄ կառույցները կարողանան գնալ ու մոնիտորինգ անել»:
 
Նշենք, որ մինչև հիմա ստորագրահավաքին միացել է մոտավորապես 2000 եվրոպացի:
 
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
Նոյյան տապան  -   Քաղաքական