Որ դեպքերում մետրո նստելու դեպքում ուղևորը պետք է երկրորդ ժետոնը գնի.Մետրոպոլիտենի պարզաբանումը


Որ դեպքերում մետրո նստելու դեպքում ուղևորը պետք է երկրորդ ժետոնը գնի.Մետրոպոլիտենի պարզաբանումը

  • 14-07-2017 17:10:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանի մետրոպոլիտենում ցուցանակներ են տեղադրվել, որոնք տեղեկացնում են, որ հեծանիվով մետրո նստելու դեպքում ուղևորը պետք է երկրորդ ժետոնը գնի: Ուղևորը հավելյալ 100 դրամ պետք է վճարի նաև սահմանված չափերից մեծ ուղեբեռի տեղափոխման դեպքում:
 
Երևանի մետրոպոլիտենի պետի տեղակալ Գևորգ Ավետիսյանի խոսքով՝ որպես այդպիսին փոփոխություն չի արվել: Ուղեբեռի տեղափոխման կարգում գրված հստակ չափերով մետրոպոլիտենի աշխատակիցները մինչ այս էլ 2-րդ ժետոն են պահանջել, բայց հեծանիվի մասով սա նորություն է:
 
«Սա միշտ էլ եղել է, նոր բան չի, ուղեբեռի տեղափոխման կարգ է սահմանված: Հեծանիվը նորություն է, բայց դա մենք նայում ենք որպես ուղեբեռ, մենք դա չենք նայում որպես հեծանիվ: Մեզ համար դա ուղեբեռ է, իսկ ուղեբեռի չափեր գոյություն ունեն, որոնցից ավելի լինելու դեպքում երկրորդ ժետոն պետք է վերցնեն: Մենք առաջնորդվում ենք սահմանված կարգով»,- ասաց Ավետիսյանը:
 
Մինչ հեծանիվների մասին ցուցանակները, այս մասին ուղևորներին բանավոր է ասվել: Հետագայում գործընթացն ավելի հեշտ դարձնելու համար մետրոյի բոլոր կայարաններում ցուցանակներ են փակցվել:
 
Նշենք, որ ըստ մետրոպոլիտենի ուղեբեռի տեղափոխման կարգի՝ եթե ուղեբեռի չափսերը մեծ են 60x40x20 սմ-ից, այսինքն` երկարության, լայնության և բարձրության չափերի հանրագումարը գերազանցում է 120 սմ-ը և 150-սմ-ից ավելի երկարություն ունեցող առարկա, ապա ուղևորը պետք է երկրորդ ժետոնը գնի:
 
Ավետիսյանի տեղեկացմամբ՝ արդեն 10 օր է ինչ տեղադրված են ցուցանակները, բայց ուղևորների կողմից բողոքներ չկան. «Հիմնականում ուղևորները վճարում են, ըմբռնումով են մոտենում»,- նշեց նա:
 
Մետրոպոլիտենի փոխտնօրենը նաև բացառում է, որ մետրոպոլիտենի այս քայլը ուղևորների թվի նվազման բերի:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը