Տեղի է ունեցել «Սփյուռք» ամառային դպրոցի երեք դասընթացների փակման արարողությունը


Տեղի է ունեցել «Սփյուռք» ամառային դպրոցի երեք դասընթացների փակման արարողությունը

  • 14-07-2017 20:04:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 14-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում  տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների, Սփյուռքահայ լրագրողների և Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների փակման արարողությունը, որին մասնակցեցին  90 սփյուռքահայեր աշխարհի 17 երկրներից:
 
Դասընթացների փակման արարողության մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա  ներկաներին փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը և մասնավորապես նշեց. «ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի պետական համալսարանի ջանքերով և իհարկե տարբեր երկրներից ժամանած մասնակիցների շնորհիվ «Սփյուռք» ամառային դպրոցի այս երեք ուղղություններն այս տարի ևս հաջող ընթացք ունեցան: Իհարկե, այս ամենն անհնարին կլիներ առանց լուրջ և տևական աշխատանքի, որը սովորական աշխատանք չէ, այլ նախևառաջ ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղված աշխատանք է: Յուրաքանչյուր դասընթացի նախապատրաստական փուլում ամենայն աչալրջությամբ է կատարվել դասախոսական կազմի ընտրությունը»,-նշեց Սերժ Սրապիոնյանը: Նախարարի տեղակալը ընդգծեց, որ «Սփյուռք» ամառային դպրոցի առաքելությունն ամենից առաջ հայապահպանությանը նպաստելն է: «Ձեզանից յուրաքանչյուրը նույնպես իր առաքելությունն ունի: Դուք պիտի միասնաբար գործեք, մեկ բռունցք դառնաք և կապված մնաք հայոց երկիրին, նրա մշակույթին, երգ ու պարին: Դուք պիտի դառնաք լավագույն լրագրողը, առաջնորդը, պարուսույցը, դրանով իսկ հզորացնելով նախևառաջ ձեր Հայրենիքը»,-նշեց Սերժ Սրապիոնյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի պատասխանատու, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սփյուռքահայ մասնակիցներին իրենց ներկայության համար: Ձեզ մի խնդրանք ունեմ՝ երբեք չմոռանաք Հայաստանը, Սփյուռքի նախարարությանն ու Երևանի պետական համալսարանին: Միշտ հիշեք, որ Հայրենիքում կան այնպիսի կառույցներ, որոնք պատրաստ են ցանկացած պահին լինել ձեր կողքին: Ձեր բնակության վայրերում բարձր պահեք այն դրոշը, որն այսօր կփոխանցենք ձեզ»,- ասաց Մհեր Հովհաննիսյանը:
Այնուհետև ելույթ ունեցան «Սփյուռք» ամառային դպրոցի Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների, Սփյուռքահայ լրագրողների և Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների ղեկավարները: Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթացի ղեկավար Եկատերինա Ալթունյանը նշեց, որ դասընթացի ձեռքբերումներից մեկը կարելի է համարել ընդհանուր հարթակի ստեղծումը, որը հետագայում կդառնա նոր ծրագրերի և նախաձեռնությունների հիմք: Դիմելով ամառային դպրոցի մասնակիցներին՝ Սփյուռքահայ լրագրողների դասընթացի ղեկավար, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը մասնավորապես ասաց. «Հայրենիքը ձեզանից յուրաքանչյուրի սրտի ու հոգու մեջ է, այդ Հայրենիքի կորուստը հավասարազոր է սեփական եսի կորստին: Ուստի խնդրում եմ միշտ Հայրենիքի հետ լինել, Հայրենքով ու Հայրենիքում ապրել »: 
Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների ղեկավար, ԵՊՀ Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը իր երախտագիտության խոսքը հայտնեց հատկապես այն դասախոսներին և ուսուցիչներին, ովքեր դասավանդել են «Սփյուռք» ամառային դպրոցի այս երեք դասընթացների ընթացքում: «Հատկանշական է նաև այն, որ ամառային դպրոցի մասնակիցներից շատերը Հայրենիքում բացահայտում են նաև իրենց արմատները, վերագտնում են իրենց ինքնությունը: Վառ օրինակ է Բուլղարիայից ժամանած և Ազգային երգ ու պարի վարպետության դասընթացին մասնակցող Գրոնիկա Գաֆաֆյանը, ով պարուսույց Գագիկ Գինոսյանի շնորհիվ պարզել է, որ ինքը հայ ֆիդայական պայքարի մեծանուն ներկայացուցիչ Արշակ Գաֆաֆյանի՝ Քեռիի ժառանգներից է: Սա մեզ համար իրոք նշանակալի իրադարձություն էր»,-նշեց Կարինե Դավթյանը:
Այնուհետև Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և «Սփյուռք» ամառային դպրոցի պատասխանատու Մհեր Հովհաննիսյանը մասնակիցներին հանձնեցին ամառային դպրոցին մասնակցությունը վկայող հավաստագրեր:
Միջոցառման ընթացքում իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև ամառային դպրոցի սաները:
 Համերգային համարներով հանդես եկան Ազգային երգ ու պարի վարպետության դասընթացի մասնակիցները: Միջոցառման ավարտին ցուցադրվեց դասընթացների և մասնակիցների մասին պատմող փոքրիկ ֆիլմ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play