Իշխանությունների կողմից «Սասնա Ծռերին» լռեցնելու գործընթացը շարունակվում է դատարաններում (տեսանյութ)


Իշխանությունների կողմից «Սասնա Ծռերին» լռեցնելու գործընթացը շարունակվում է դատարաններում (տեսանյութ)

  • 15-07-2017 17:35:53   | Հայաստան  |  Իրավունք



Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված անձանց գործով ընթացող դատավարությունները ցույց են տալիս, որ հերթական անգամ իշխանությունները փորձում են լռեցնել «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց «Սասնա Ծռեր» խմբի գործով փաստաբան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը: 
 
Ըստ նրա, թե նախաքննության, թե դատաքննության փուլերը ներկայիս իշխանություններն օգտագործում են «Սասնա Ծռեր»-ի կողմից իրականացված գործողությունները հիմանական գաղափարական թեմայից շեղելու տրամաբանությամբ, և խնդիրն անընդհատ փորձում են տեղափոխել բոլորովին այլ հարթություն: 
 
«Այդ մասին են վկայում դատարանում տեղի ունեցող իրադարձությունները, ավելին՝ նախաքննությունն ամբողջությամբ ընթացել է վարույթն ընդունած մարմնի մշակած սցենարով, որին հնարավորություն չեն ունեցել և չեն ցանկացել միջամտել «Սասնա Ծռեր» խմբի անդամները, իսկ դատարանում նրանց գոնե ձևական հնարավորություն չի տրվում մասնակցել դատական նիստերին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դատարանը որդեգրել է տղաներին արտահայտվելու հնարավորությունից զրկելու դիրքորոշումը, մինչդեռ պետությունը պարտավոր է ապահովել նրանց մասնակցությունն այդ պրոցեսներին: 
 
Ա. Պապիկյանի գնահատմամբ՝ գործող իշխանություններն օրենքի կոպիտ խախտմամբ՝ արդարադատություն են փորձում իրականացնել, քանի որ դատավարություններն ընթանում են տվյալ անձի կամ նրա պաշտպանի բացակայության պարագայում, ինչն արգելված է օրենքով: 
 
Փաստաբանի խոսքերով՝ Հայաստանում ժողովրդաիշխանությունն իրապես բացակայում է նաև ինստիտուցիոնալ կառույցների առումով, ինչը վկայում է, որ այստեղ ժողովրդաիշխանություն հնարավոր չէ հաստատել անգամ օրենքով նախատեսված ճանպարհներով, հետևաբար «Սասնա Ծռեր»-ը ստիպված են եղել ապստամբության միջոցով հասնել ժողովրդաիշխանության հաստատման: 
 
«Հաշվի առնելով այն, որ վերջին 25 տարիներին ժողովուրդը չի կարողացել իշխանություն փոխել, մյուս բոլոր մեթոդներով երբևէ արդյունքի չի հասել, մնում էր դիմել ապստամբության: Միջազգային իրավական բազմաթիվ փաստաթղթերում ասվում է, որ յուրաքանչյուր ոք ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է ապստամբություն անել, եթե բռնատիրությունը փոխելու այլ հնարավորություն չկա»,- շեշտեց Ա. Պապիկյանը: 
Վերջինիս համոզմամբ՝ գործող իշխանությունների պարագայում որևէ դատավոր չի կարող անկողմնակալ լինել, ուստի հույս չկա, որ Հայաստանում օրենքը երբևէ կարող է գերակա լինել: 
 
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի համոզմամբ՝ դատարանը օրենքի խախտումներով շարունակելու է գործը առաջ տանել: 
 
«Երբ «Սասնա Ծռեր»-ը հանձնվեցին, մենք հասկացանք, որ այս մարդկանց տարրական իրավունքները չեն պաշտպանվելու, որ այս մարդիկ ենթարկվելու են անմարդկային խոշտանգումների. Դա էր պատճառը, որ մեր կազմակերպության իրավապաշտպաներից մի քանիսը որոշեցին ներգրավվել այս գործերում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ժամանակին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը, թե տղաների նկատմամբ վրեժխնդրություն չի դրսևորվի, ուներ բացարձակապես ձևական բնույթ: 
 
«Այն ինչին մենք սպասում էինք, եղավ: Տեսանք, թե ինչ տեղի ունեցավ՝ բուժօգնության տրամադրման, պահման խցերի հետ կապված: Իսկ դատարանի դահլիճում ծեծը բացառիկ դեպք էր, դա պարզապես խայտառակություն էր»,- փաստեց իրավապաշտպանը: 
 
Վերջինս ծանոթ է ՊՊԾ գունդը գրաված անձանց երկու գործերով դատավորների աշխատանքին, որը Ն. Կարապետյանցը գնահատում է որպես պատվերի կատարում: 
 
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին կլրանա «Սասնա Ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման մեկ տարին: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play