Երևանում անցկացված գունազարդ վազքն անտարբեր չթողեց նաև օտարազգի զբոսաշրջիկներին
17-07-2017 12:42:03 | Հայաստան | Հասարակություն
Արդեն երրորդ տարին անընդմեջ ամառային այս թեժ եղանակին ողջ հայության մայրաքաղաքում անկցավեց Երևանյան գունազարդ վաղքը: Ավանդույթի համաձայն՝ ուրախ և գունեղ միջոցառումը մեկնարկեց ֆիթնես-նախավարժանքով, որից հետո Yerevan Color Run-ի մասնակիցները հաղթահարեցին 5կմ երկարություն ունեցող վազքուղին՝ անցնելով Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան փողոցները, Մաշտոցի պողոտան և Իսահակյան, Նալբանդյան փողոցներով կրկին վերդառնալով Հանրապետության հրապարակ:
Վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա ոտքից գլուխ լցվեցին գունավոր խորհրդանշական փոշեներկեր:
Երևանյան գունազարդ վազքն իրականացվում է Run Armenia նախագծի նախաձեռնությամբ, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի ու Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ, «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում:
Նպատակն է յուրօրինակ ձևաչափով վազքի մարաթոնների իրականացման միջոցով Երևանի բնակիչների և հատկապես երիտասարդության շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, զարգացնել վազքի և զանգվածային սպորտի մշակույթը, մարդկանց կյանքը լցնել դրական և երջանիկ զգացողություններով:
Բարեգործական հիմունքներով անցկացվող միջոցառումից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է անվճար մարզվելու համար Երևանի կենտրոնում Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակի և «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի շրջանակում Իջևան-Բերդ 34կմ ճանապարհի կառուցմանը:
Վազքուղու ավարտին հաջորդեց երաժշտական գունազարդ «հրավառություն» և Color Party, որի ընթացքում մասնակիցներին իր կատարումներով ողջունեց Ուկրաինական «X ֆակտոր» շոուի հաղթող, «Ռուսաստանի Ձայնը» նախագծի մասնակից, երգիչ Սևակ Խանաղյանը:
Միջոցառման ժամանակ ներկաների տոնական և պարային տրամադրությունն իրենց մասնակցությամբ և անդադար ելույթներով ապահովեցին DJ-ներ Գուեվոն և Շանթը:
Վազքուղին առաջինն անցած երեք տղաները և աղջիկները պարգևատրվեցին մրցանակներով հովանավորների և գործընկերների կողմից:
Երևանյան գունազարդ վազք 2017-ի մասնակիցներից առաջին տեղի հաղթող աղջիկը Նյու Յորքից էր՝ Սառա Ֆաունթեյնը: Աղջիկ մասնակիցներից 3-րդ և 2-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրեցին Էլեն Հովհաննիսյանը, Կարինե Ավետիսյանը, իսկ տղաներից 3-րդ, 2-րդ և 1-ին հորիզոնականները` Մելիքասեթ Կարապետյանը, Անդրանիկ Մարգարյանը և Մհեր Մաշումյանը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրած երկու հաղթողներին ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից որպես մրցանակ տրվեց՝ Հայաստանում եռօրյա էքստրեմալ տուր անցկացնելու հնարավորություն:
Երևանյան գունազարդ վազքի նկատմամբ մեծ հետարքրություն էին ցուցաբերել նաև այս օրերին Հայաստանում գտնվող օտարազգի զբոսաշրջիկները:
Նշենք, որ Գունազարդ վազքը կամ Color Run-ը միջազգային ձևաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիա, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում: Նախագիծը Հայաստան է եկել 2015 թվականին և արդեն երրրորդ անգամ անցկացվեց մայրաքաղաք Երևանում: Այն մարդկանց երջանկության անկնթարթներ նվիրող վազք-զվարճանք է, որտեղ վազքի մասնակիցների սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի: