Սևան Նշանյանի բանտից փախնելու մանրամասները


Սևան Նշանյանի բանտից փախնելու մանրամասները

  • 17-07-2017 13:59:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանը թուրքական բանտից փախուստի դիմելուց հետո հարցազրույց է տվել թուրքական ամենաընթերցվող պարբերականին՝ «Հյուրրիյեթին» և առաջին անգամ բացել փախուստի դիմելու միջոցի մասին որոշակի փակագծեր:
 
Նշանյանը հայտարարել է, որ Թուրքիայում որոշակի գումարի դիմաց փախուստ կազմակերպելն առանձնապես բարդ չէ:
 
Պոլսահայ մտավորականը հայտարարել է, որ Թուրքիան նաև հայերի երկիրն է և ինքն անպայման վերադառնալու է: Նա հստակեցրել է, որ առայժմ դեռ դուրս չի եկել երկրից:
 
«Սկզբում սեղմեցի էի ատամներս (Ուզում է ասել համբերում էր – tert.am), սակայն տեսնելով, որ ոչ մի կերպ չեն հրաժարվում անօրենությունից՝ կայացրի այս որոշումը: Ես չէի կարող թույլ տալ, որ այս ապուշությունը շարունակվի: Որոշ ժամանակ անց կարող եմ դուրս գալ երկրից: Բայց Թուրքիան մեր երկիրն է: Անպայման մի օր կվերադառնանք: Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Որոշակի գումար վճարող յուրաքանչյուրը, ինչպես տեսաք, կարողանում է փախչել: Անվտանգության աշխատողներին էլ եթե տաք այդ գումարը՝ շատ հանգիստ կարող եք փախչել», - անկեղծացել է Նշանյանը: 
 
Ավելի վաղ թուրքական «ՀաբերԹյուրք» կայքի լրագրողներից մեկին տված մեկնաբանությունում Նշանյանն ասել էր. «Եկել է շունչ քաշելու ժամանակը: Մտածեցի՝ արդեն բավական է: Այս պայմաններում որոշեցի օգտվել պետության թերացումներից և դուրս գալ նրանց վերահսկողությունից: «Թող ոչ ոք չկասկածի, որ երբ ժամանակը գա՝ ամենայն մանրամասնությամբ կպատմեմ կատարվածի մասին:», - ասել է նա թուրք լրագրողի հետ զրույցում:
 
Հիշեցնենք, որ Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության և հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով:
 
Նշենք, որ Նշանյանը գրել է «Սխալ Հանրապետություն» գիրքը (թուրքերեն Yanlış Cumhuriyet), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները։ Այն գրված է 1994թ., սակայն շրջանառվում էր լուսապատճենը, մինչև որ հնարավոր եղավ տպագրել 2008թ.:
 
2010թ.-ին Նշանյանը հրապարակել է Index Anatolicus-ը Թուրքիայի ավելի քան 16.000 տեղանուններով, որոնք փոխվել են թուրքացման քաղաքականության պատճառով։ Ներառված համապարփակ փաստաթղթերը նախկինում չէին հրապարակվել և ներկայացնում են հազարավոր ավանդական անուններ, հիմնականում հունական, հայկական, քրդական, ասորական, արաբական ծագման, որոնք փոխարինվել են թուրքական անուններով 20-րդ դարում։
 
Index Anatolicus-ն առցանց է դարձել 2011թ.: Ներկայիս տվյալների բազան ներառում է ավելի քան 56.000 քարտեզագրված տեղանուն։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը