Ինչո՞ւ են ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենները հրաժարվել Դանիելի դեմ ներկայացրած հայցերից


Ինչո՞ւ են ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենները հրաժարվել Դանիելի դեմ ներկայացրած հայցերից

  • 17-07-2017 16:39:36   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած 30 տնօրենի հայցն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի գործով անդրանիկ նիստը մեկնարկել է:
 
Մասնավորապես՝ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ սկսվել է Երանուհի Հարությունյանի (Երեւանի թիվ 64 դպրոցի տնօրեն) հայցն ընդդեմ Իոաննիսյանի եւ ՀԿ-ի: Նիստը սկսվելուն պես դատավորը դատավարության կողմերին տեղեկացրել է, որ հայցվոր կողմը  հրաժարվել է հայցից:
 
armtimes.com-ի հետ զրույցում գործով պատասխանող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ դատավորի փոխանցմամբ՝ իր մոտ գտնվող բոլոր հայցերից հայցվոր կողմերը հրաժարվում են: Այսօրվա նիստին ո՛չ հայցվորն է ներկա եղել, ո՛չ էլ նրա ներկայացուցիչ Մարտուն Փանոսյանը:
 
Իոանիսյանն ասաց, որ ուսուցչուհիների կողմից որեւէ պատճառ, հիմնավորում չի նշվել, թե ինչու են հրաժարվում հայցերից: «Ոնց բոլորով ներկայացնում են հայցերը նենց էլ բոլորով հրաժարվում են: Նշեմ, որ ինձ եւ ՀԿ-ին ներկայացնում էին ճանաչված փաստաբաններ, այդ թվում՝ պատգամավոր Արտակ Զեյնալյանը»,-  զրույցում ասաց Իոաննիսյանը:
 
Մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման»`ապատեղեկատվության դեմ պայքարող SUT.am կայքը հրապարակեց 84 դպրոցի եւ 30 մանկապարտեզի տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնք վկայում էին այն մասին, որ տնօրենները զբաղված են ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ձայնագրություններից վերծանել եւ հրապարակել է, մասնավորապես այն հատվածները, երբ տնօրենները խոստովանում են, թե ՀՀԿ տարածքային որ կառույցի, շտաբի կամ որ վարչական մարմնի կողմից են ուղղորդվել։
 
30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեններ պահանջում էին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Բացի դրանից նրանք նաեւ փոխհատուցում էին պահանջում՝ ընդհանուր 60 միլիոն դրամ:
 
Այսօր նույն դատարանում սույն գործով եւս երկու նիստ է նշանակված:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play