Հայաստանում ադրբեջանական խնձորները դեռ չէինք մարսել, հիմա էլ՝ ադրբեջանական կոնֆետներ (տեսանյութ և ֆոտոշարք)


Հայաստանում ադրբեջանական խնձորները դեռ չէինք մարսել, հիմա էլ՝ ադրբեջանական կոնֆետներ (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 17-07-2017 18:21:08   | Ադրբեջան  |  Իրավունք



 
 
Օրերս Վանաձորում բնակչուհիներից մեկը իր գնած կոնֆետների մեջ հայտնաբերել է ադրբեջանական ծագմամբ կոնֆետներ: Վաճառահանված մանուշակագույն փաթեթավորված կոնֆետների վրա, ոչ ավել, ոչ պակաս, գրված է եղել «BAKU»: 
Վաճառողն ասել է, թե ամբողջ խմբաքանակն արդեն վաճառել է, մնացել է այդ մեկը... Անձամբ ես որևէ կասկած չունեմ, որ եթե ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր դերում լիներ, իրենց դերը չկատարեին երկիր քանդող կոռուպցիան և անգործությունը, ապա ադրբեջանական ծագմամբ որևէ կոնֆետ Հայաստան չէր ներկրվի, իսկ նույնիսկ ներկրման դեպքում որևէ խանութի տեր չէր համարձակվի այն վաճառել Վանաձորում կամ այլ քաղաքում: Հիշենք, որ ադրբեջանական ծագման կոնֆետների վաճառքի այս խայտառակ փաստին ընդամենը մի քանի ամիս առաջ նախորդել էր Հայաստանում ադրբեջանական խնձորների վաճառքի սկանդալը: Պարզվում է, նախորդ դեպքից դասեր չքաղվեցին, և չէին էլ քաղվելու, քանի որ հանրապետության դատաիրավական համակարգում մենք ունենք այն վիճակը, որն ունենք ու թերևս բոլորին է հայտնի: 
Վանաձորում վաճառահանված ադրբեջանական կոնֆետների մասին հայտնել են հուլիսի 10-ին տեղի «Լոռի» հեռուստաընկերություն այցելած Վանաձորի բնակիչները, որոնք  իրենց հետ բերել են քաղաքի մի խանութներից մեկից գնած ադրբեջանական արտադրության կոնֆետի երկու նմուշ: «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով հիշյալ կոնֆետների լուսանկարները, կոնֆետի փաթեթավորման՝ տվյալ սննդամթերքի ադրբեջանական ծագումը վկայող հատվածը, կատարած գրառմամբ հայտնել է, որ Վանաձորի խանութներում վաճառվում են ադրբեջանական «Շիրին» ֆիրմայի «Գաուդի» մակնշմամբ կոնֆետներ: Հրապարակումը մեծ արձագանք է գտել, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր արտահայտել են իրենց քննադատական դիրքորոշումը:
Ուշագրավ է այն փաստը, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առ այսօր իր կայքում չի անդրադարձել Վանաձորի խանութներից մեկում կամ գուցե խանութներում ադրբեջանական կոնֆետների վաճառահանման փաստին, հանրությանը չի ներկայացրել որևէ բացատրություն, թե այդ կոնֆետներն ինչպես են հայտնվել խանութում, սպառողների առողջության համար վտանգավո՞ր են, թե ոչ, կամ գոնե ինչ են ձեռնարկել այդ հանգամանքը պարզելու ուղղությամբ:
Կասկածից գրեթե դուրս է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և ՊԵԿ-ն այս դեպքում ևս, եթե, ի վերջո, ստիպված լինեն բացատրություն տալ, կհայտարարեն, որ Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական կոնֆետների ներկրում պաշտոնապես չի եղել, այն ներկրվել է կամ մաքսանենգ ճանապարհով, կամ, առանց լաբորատոր փորձաքննության, ՀՀ ներկրման համար թույլատրելի սննդամթերքի քաշի` 50 կիլոգրամի սահմաններում (բնաիրային քանակություն):
Սակայն, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկողություն իրականացնող տեսուչները կիրառելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված նախազգուշացման (նախազգուշավորության) սկզբունքը, սպառողների առողջությանն սպառնացող վտանգի հավանականության առկայության դեպքում, որն այս դեպքում միանշանակ առկա է, իրավասու էին իրականացնել ռիսկերի կառավարման նախազգուշական միջոցներ, այսինքն` արգելել ադրբեջանական ծագման կոնֆետների ներկրումը Հայաստան, քանի որ դրանք, որպես Հայաստանին թշնամի երկրից ներկրված սննդամթերք, հնարավոր կենսաահաբեկչության վտանգ են ներկայացնում:
Այո, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համապատասխան աշխատակիցները, անկախ նրանից, որ ՀՀ ներկրվող կոնֆետները սննդամթերքի համար սահմանված հիշյալ 50 կգ-ի սահմաններում են ու դրանց ներկրման համար լաբորատոր փորձաքննություն չի պահանջվում, իրավունք ունեին զննության ենթարկել այն, և հայտնաբերելով, որ տվյալ կոնֆետները թշնամի երկրի (տվյալ դեպքում` ադրբեջանական) ծագման են, իրավունք ունենին հնարավոր կենսաահաբեկչության կասկածանքով արգելել տվյալ սննդամթերքի ներկրումը Հայաստան:
Միամտություն կլինի կարծել, թե նրանք չգիտեին «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետով իրենց ընձեռված հիշյալ իրավունքի մասին, և եթե կոնֆետները մաքսանենգ ճանապարհով չեն ներկրվել, իրենք էլ նշված իրավունքից չեն օգտվել, մնում է եզրակացնել, որ այդ անգործությունը դրսևորել են ոչ թե ներկրողի սիրուն աչքերի համար, այլ կոռուպցիայի արդյունքում:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք