Առաջարկվել է կարճ ժամանակով փակել այն ճանապարհահատվածների երթևեկը, որտեղ հորդառատ անձրևների ժամանակ կնկատվեն ջրի կուտակումներ


Առաջարկվել է կարճ ժամանակով փակել այն ճանապարհահատվածների երթևեկը, որտեղ հորդառատ անձրևների ժամանակ կնկատվեն ջրի կուտակումներ

  • 17-07-2017 19:24:00   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևի ժամանակ մայրաքաղաքում արձանագրվել է ջրի կուտակման միայն մեկ դեպք՝ Շենգավիթ վարչական շրջանում: Նշվել է նաև, որ անձրևաջրերի կուտակման պատճառը եղել է առատ տեղումներով պայմանավորված բերվածքներով անձրևընդունիչ ցանցի խցանումը: Կարճ ժամանակում «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետներն իրականացրել են մաքրման աշխատանքներ և ապահովել են տվյալ ճանապարհահատվածի անխոչընդոտ երթևեկը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել հեղեղատար համակարգի անխափան շահագործումը: Ճանապարհային ոստիկանությանն էլ առաջարկվել է հորդառատ անձրևների ժամանակ կարճ ժամանակով սահմանափակել այն հատվածների երթևեկությունը, որտեղ կառաջանան ջրի կուտակումներ, որպեսզի համապատասխան ծառայություններն արագ վերացնեն առաջացած խնդիրը:
 
«Այս ուղղությամբ աշխատանքները ավելի կազմակերպված պետք է լինեն: Նման հորդառատ անձրևների ժամանակ տեղեկացրեք Ճանապարհային ոստիկանությանը, որ կարճ ժամանակով՝ 10-15 րոպեով, փակեն տվյալ ճանապարհահատվածը, մինչև համապատասխան ծառայություններն ավարտեն իրենց աշխատանքները՝ քաղաքացիներին զերծ պահելով ավելորդ անհարմարություններից», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play