Սևանա լճի նկատմամբ հանցագործության հեղինակները ոչ աստված են, ոչ էլ նույնիսկ Նոստրադամուսի կամ Վանգայի նման պայծառատես


Սևանա լճի նկատմամբ հանցագործության հեղինակները ոչ աստված են, ոչ էլ նույնիսկ Նոստրադամուսի կամ Վանգայի նման պայծառատես

  • 18-07-2017 10:36:05   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության այլ պաշտոնյաներ, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարությունը, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը և նշված հանձնաժողովն իր մեծամասնությամբ, ԱԺ ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններն անմիջական պատասխանատուներն են 2017թ. հուլիսի 4-ին Սևանա լճի` Հայաստանի` տարածաշրջանային նշանակություն ունեցող քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարի նկատմամբ կատարված հանցագործության:
Այդ օրը Ազգային ժողովն իր արտահերթ նիստում կառավարության առաջարկով ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով արտոնվեց Սևանա լճից այս և սովորաբար յուրաքանչյուր տարվա համար նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրից բացի, 2017թ. լրացուցիչ բաց թողնել մինչև 100 մլն խմ կապույտ արյուն, ինչը, ըստ բնապահպանների ու մասնագետների, խիստ վտանգավոր է ու միանշանակ անթույլատրելի:
Եթե վերոնշյալ պաշտոնյաները և հիշյալ խմբակցությունների պատգամավորները կարծում են, թե իրենց այդ քայլի և, ընդհանրապես, հասարակության կարծիքն արհամարհող խայտառակ ու մերժելի քաղաքականության նկատմամբ բնապահպանների, քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների քննադատությունը, բողոքը պետք է սահմանափակվի սոսկ հուլիսի 4-ին նախորդած ու հաջորդած մի քանի օրերով, այսինքն` Սևանա լճի ներկա վիճակով և ապագայով մտահոգ մարդիկ պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն ընդամենն այդ մի քանի օրվա ընթացքում, հետո լռեն, իրենց արածն անցնի, գնա, ապա շտապեմ հիասթափեցնել` չարաչար սխալվում են…
Վերոնշյալ պաշտոնյաները և խմբակցությունների պատգամավորները ոչ աստված են, ոչ էլ նույնիսկ Նոստրադամուսի կամ Վանգայի նման պայծառատես, հետևաբար նրանք բնավ չեն կարող իմանալ, թե մոտակա տարիներին ու տասնամյակներին կլիման և եղանակն ինչ անակնկալներ կմատուցեն մեզ: Արդյոք բարեհաճ կլինե՞ն ինչպես նախորդ տարիներին, կբարձրացնե՞ն Սևանա լճի մակարդակը, թե հակառակը` երաշտ տարիները հաճախադեպ կլինեն կամ ուղղակի կհաջորդեն միմյանց, որոնց դեպքում լճից ջրի գոլորշիացման ծավալը կլինի ահռելի, իսկ տեղումների ու լիճ մուտք գործող ջրի ծավալն այնքան չնչին, որ մենք կունենանք Սևանա լիճ մուտք գործող ու լճից տարբեր ճանապարհներով դուրս եկող ջրերի բացասական հաշվեկշիռ, ընդ որում, էական, խոշոր չափերի հասնող:
Աշխարհում ոչ նոր սկիզբ առած և առկա կլիմայական գործընթացները, ինչպես նաև գիտնականների կանխատեսումները հենց այս վերջին տարբերակի հավանականության մասին են խոսում` մեզ կոչ անելով զգոնության և Սևանա լճի ջրային պաշարների խնայողության: Սակայն, ՀՀ իշխանությունները, որոնք ելնելով անձնական թե այլ նեղ շահերից, նախկինում այլ տարիների ևս ճիշտ հակառակ կերպ են վարվել, այս տարի ևս գործեցին Սևանա լճի և ՀՀ ազգային անվտանգության դեմ:
Ավելին. եթե չկասեցվի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արդեն իսկ մեկնարկած ծրագիրը, ապա ոչ հեռավոր ապագայում իրենց մեջ ծանր ու թունավոր մետաղները լուծած թթվային (ծծմբական թթու պարունակող) ջրերով թունավորվելու են Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների ջրերը, թթու ջրերից քայքայվելու և շարքից դուրս է գալու Սպանդարյանի ջրամբարից Կեչուտի ջրամբար ջուր տեղափոխող Որոտան-Արփա ստորերկրյա թունելը, ինչը նշանակում է, որ իշխանություններն այդուհետ, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, չեն կարողանալու շահագործել ջրատար համակարգի շարունակությունը հանդիսացող Արփա-Սևան թունելը, եթե, իհարկե, նրանց համար միևնույնը չի լինի այդ թթվային ու թունավոր ջրերով Արփա-Սևան թունելի քայքայումը և Սևանա լճի թունավորումը:
 
Ինչու են իշխանությունները ցանկանում կասեցնել Սևանա լճի բարձրացումը
 
Առկա փաստերը վկայում են, որ նրանք արհեստականորեն են կասեցնում Սևանա լճի մակարդակի բարձրացումը: Դա իշխանություններին ձեռնտու է առնվազն երեք առումով:
Առաջին. լրացուցիչ 100 մլն խմ ջրի բաց թողնումը նշանակում է էժան էլեկտրաէներգիայի հսկայական ծավալի արտադրություն ու բարձր գնով դրա իրացումից ֆինանսական խոշոր մուտքերի ապահովում: Այսպիսով ՀՀ կառավարությունը փորձում է լրացնել ֆինանսական այն բացը, որն առկա է մի շարք խնդիրներում իր անգործության կամ վատ աշխատանքի հետևանքով: Ինչպես նշված է օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության հիմնավորումներում, ակնկալվում է, որ լճից մինչև լրացուցիչ 100 մլն մ3 ծավալով ջրբացթողնման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 97 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Բացի այդ, ակնկալվում է, որ լրացուցիչ մինչև 100 մլն մ3 ծավալով ջրբացթողման ավելացումը կբերի մեխանիկական ջրարտադրությունն ինքնահոսով փոխարինելու արդյունքում էլեկտրաէներգիայի 1.2 մլրդ դրամ ծախսի տնտեսման:
Երկրորդ. Սևանի մակարդակի բարձրացման արհեստական կասեցմամբ դեռ տարիներ շարունակ ջրածածկ չեն լինում, շարունակում են գործել ու խոշոր շահույթներ ապահովել լճի ափերին անթույլատրելի վայրերում կամ նիշերի վրա օլիգարխների, օլիգարխիկների, տարբեր, նրանց թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաների կառուցած համալիրները, հյուրանոցները, ռեստորանները, հանգստատները և նմանաբնույթ այլ օբյեկտներ:
Երրորդ. հավելյալ 100 մլն խմ ջուրը հնարավորություն է տալիս պարտակել իշխանությունների այն հանցավոր անգործությունը, որի հետևանքով ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ահռելի ծավալների են հասնում Սևանա լճից վերցված ու վերցվող ջրի տեխնիկական կորուստները:
Նշենք նաև, որ Սևանա լճից հավելյալ մինչև 100 մլն խմ ջրառը ջրօգտագործողների ընկերությունների որոշ յուրային ղեկավարների (ՀՀԿ-ականներ) և բազմաթիվ աշխատակիցների հնարավորություն է տալիս էլ ավելի մեծ ծավալների ջրի ձախ վաճառք իրականացնել` տվյալ գողությունը հիմնականում ձևակերպելով իբր ջրի տեխնիկական կորուստ:
Կառավարությանը պետք է ոչ թե Սևանա լճից հավելյալ ջուր վերցնել, այլ եղած ջուրն օգտագործել ռացիոնալ ձևով, ինչը չի անում: Կառավարությունն իր աչքը տնկել է բնական ռեսուրսների վրա, որոնք միայն մերը չեն, այլ նաև սերունդներինը, իշխանությունները խլում են նաև սերունդների բաժինը` լինի դա հանքարդյունաբերությունում, լինի ջրային պաշարներում, թե անտառային տնտեսությունում: Ամենուր խայտառակ վիճակ է, խնդիրները լուծվում են հեշտ ճանապարհով, հաճախ նաև կոռուպցիոն մեխանիզմներով: Հայաստանում բնապահպանական խնդիրներն ահավոր սրված վիճակում են:
Ստորև ներկայացնենք նաև, թե Սևանա լճից լրացուցիչ մինչև 100 մլն խմ ջուր բաց թողնելու մասին ինչ կարծիքի են բնապահպանները:
 
Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյան.
«Կառավարության ներկայացրած նախագծի գլխավոր հիմնավորումներից մեկը իբր թե ոռոգման ջրի պակասն է Արարատյան դաշտում` կապված համապատասխան ջրամբարների անբավարար լցվածության և այլ պատճառների հետ: Քանի որ այդ թեման շատ չի լուսաբանվել այս համատեքստում, ուղղակի հիշեցնեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, թե Արարատյան դաշտում այսօր ինչու չի հերիքում ոռոգման ջուրը (եթե, իրոք, այն իսկապես անբավարար է): Որովհետև 2005 կամ 2006 թվականից սկսած, երբ որ ձկնաբուծարանների զարգացման արդյունքում ջրօգտագործման թույլտվությունները գերազանցեցին թույլատրելի նորման գրեթե երկու անգամ, Արարատյան դաշտում մենք ունեցանք էկոլոգիական աղետ: Այսինքն` Արարատյան արտեզյան ավազանի ջրերը փաստորեն կանգնեցին սպառման եզրին:
Այդ ստորերկրյա ավազանը ոչնչացման եզրին կանգնեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինքն է թույլատրել, տվել ջրօգտագործման թույլտվություններ այդ տնտեսվարողներին: Այդ մարդիկ այսօր շարունակում են Հայաստանում որոշումներ կայացնել և հիմնավորել, որ պետք է Սևանա լճից ջուր վերցնել, քանի որ ջուր չկա:
Մի թիվ ասեմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ էկոլոգիական աղետի մասին է խոսքը: Մենք Արարատյան դաշտի արտեզյան ավազանում ունեինք ինքնաշատրվանող ավազան, որը կազմում էր գրեթե 31 000 հեկտար: Ինքնաշատրվանող ավազանն այն է, որ երբ որոշ չափով հորատում ես կատարում, գետինը ծակում, ջուրն ընդերքից, առանց պոմպերի, շատրվանում է, և այն կարելի է օգտագործել ոռոգման և խմելու նպատակներով: Մենք Արարատյան դաշտում 31 000 հեկտար այդպիսի տարածք ունեինք: Այսօր Արարատյան դաշտում ունենք ընդամենը 10 500 հեկտար ինքնաշատրվանող տարածք, այսինքն` այդ մակերեսը մոտ 3 անգամ պակասել է: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը թույլատրել է, որպեսզի սպառեն մեր քաղցրահամ ջրերի ստորգետնյա գլխավոր ավազանը, որը ոռոգման ու խմելու ջրով էր ապահովում Արարատյան դաշտի գյուղացիներին: Այդ լուրջ սխալի կամ հանցավոր գործելակերպի հետևանքով 30-35 համայնք ընդհանրապես զրկվել են ոռոգման ջրից: Հիմա դրա մասին գրեթե ոչ մեկը չի խոսում, իսկ շատ պատգամավորներ, ինչ-որ կոմիտեների նախագահներ, որոնք իրենք են այդ թույլտվությունները տվել 2003-ից մինչև 2012 կամ 2013 թվականը, շարունակում են որոշում կայացնել:
Երբ որ մարդը հանցագործություն է կատարում, կապ չունի` շարքային քաղաքացի է, թե պետական պաշտոնյա, ինքը պետք է պատասխանատվություն կրի, իսկ այս մարդիկ ոչնչացրել են Հայաստանի Հանրապետության` իր մեծությամբ Սևանա լճից հետո երկրորդ ջրային ավազանի երկու երրորդը, ու նրանցից որևէ մեկը որևէ պատասխանատվություն չի կրել: Այսպես շարունակել, իհարկե, հնարավոր չէ, բայց աչք տնկեցին նաև Սևանա լճի վրա և կառավարությունով, Ազգային ժողովով որոշեցին և օրինականացրեցին նրանից լրացուցիչ մինչև 100 միլիոն խորանարդ մետր ջրի խլումը:
Վարչապետը դեռ 3 ամիս առաջ էր հանձնարարական տվել` Սևանա լճում իբր թե 1 միլիարդ խորանարդ մետր ջուր է հավաքվել և պետք է այդ ջուրը տնտեսապես ճիշտ օգտագործելու մեխանիզմներ մշակել, 3 տարվա ընթացքում օգտագործել: Չգիտեմ ով է վարչապետին այդ խորհուրդը տվել, եթե, իհարկե, այդ որոշումը նա չի կայացրել առանց տվյալ խորհրդի, բայց այդ խորհուրդը տվողը հանցագործ է: Այդ պլանի իրագործումը, որի սկիզբը դրվեց այս տարի, հանցագործություն է, նրանք արժանանալու են մեր սերունդների անեծքին, ինչպես հիմա մենք նզովում ենք նրանց, ովքեր 1931 թվականին որոշեցին, որ Սևանա լճի մակարդակը պետք է իջեցնել և այդ ջուրն օգտագործել էլեկտրաէներգիա արտադրելու և ոռոգման համար:
Մենք ժամանակին պահանջում, այսօր էլ իշխանություններից պահանջում ենք Հայաստանի բոլոր ջրամբարներ ու Սևանա լիճ մտնող ու դուրս եկող գետերի, ջրանցքների ու թունելների վրա դնել ջրաչափական առցանց (օնլայն) հեռարձակմամբ ապահովված համակարգեր, որպեսզի ցանկացած մարդ տեսնի, թե որքան ջուր է լցվել այնտեղ և որքան է բաց թողնվում: Սակայն, դա չարվեց, հրաժարվեցին այդ համակարգի ներդրումից, և քանի դեռ իրենք հրաժարվում են, մենք իրենց` ջրային տնտեսության պետական կոմիտեի, բնապահպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայության («Հայպետհիդրոմետի»), կառավարության և պետական այլ հաստատությունների ներկայացրած տվյալներին չենք կարող հավատալ: Այդ ինչպե՞ս է, որ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին որևէ տեղեկություն չկար, որ Հայաստանի համապատասխան ջրամբարներում անբավարար լցվածություն է, հիմա հանկարծ պարզեցին ու հայտարարեցին, որ ջրամբարներում ջուրը պակաս է: Կներեք, բայց այս դեպքում ես հիմքեր ունեմ կասկածելու, որ այդ ջրամբարների ջուրը հատուկ բաց են թողել, որպեսզի հետո հիմնավորեն Սևանա լճից մինչև 100 միլիոն խորանարդ մետր ջուր վերցնելը: Կառավարության այս մտածողությամբ մենք լավ տեղ չենք կարող հասնել»:
 
«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյան.
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը,  պատգամավորները, իշխանությունները երևի պետք է ընկալեն, որ այսպես` սպառողական հոգեբանությամբ շարունակել չի կարելի, երկրում ամենը սպառել չի կարելի: Մենք լուրջ խնդիրներ ունենք, չպետք է մոռանալ դրանց մասին, մենք հետագայում ազգային անվտանգության խնդիր կունենանք, մեր սերունդները մեզ չեն ների: Ես կարծում եմ, որ Սևանա լճից լրացուցիչ մինչև 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու ետևում կա նաև էներգետիկայի, էժան էլեկտրաէներգիա ձեռք բերելու և այն թանկ իրացնելով, շահելու խնդիր: Մենք շատ լավ գիտենք, որ վարչապետը բիզնեսի մարդ է, և այստեղ բիզնեսի խնդիր է: Սակայն, ինքը պետք է հասկանա, որ ամեն ինչը չի կարելի դարձնել բիզնեսի աղբյուր կամ առարկա: Ինչ վերաբերվում է ոռոգմանը, ապա նախանցյալ տարի մենք ջրբացթողումից հետո եղանք Արարատյան դաշտում, հարցրեցինք` ձեզ մոտ ի՞նչ է փոխվել ջրբացթողումից հետո, ասացին` ոչինչ, ինչպես կար ջրի խնդիրը, այնպես էլ մնացել է»:
 
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, Հանրային խորհրդի բնապահպանության ենթահանձնաժողովի նախագահ Նազելի Վարդանյան.
«Հիմնավորումների մեջ խոսվում է ոռոգման մասին, Ազգային ժողովում հուլիսի 3-ին կազմակերպված քննարկման ընթացքում ասում էին, թե գյուղացին մնացել է առանց ջուր, երաշտ է և այլն: Առաջինը` երաշտ չէ, երաշտի ռեժիմ չի հայտարարված, արտակարգ իրավիճակ չի հայտարարված, և այդ պարագայում օրենքը չի թույլատրում Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնել: Դա կարելի է անել միայն խիստ անհրաժեշտության և արտակարգ իրավիճակների դեպքում, մինչդեռ ակնհայտ է, որ այս տարի այդ անհրաժեշտությունը չկա, հակառակը` ջրառատ տարի է, տեսեք, թե նույնիսկ հուլիսին որքան անձրևներ եկան ու դեռ երևի էլի կգան:
Երկրորդ. հիմնավորումներում խոսվում է ոռոգման մասին, մինչդեռ օրենքում խոսքը Սևանա լճից այդ լրացուցիչ ջրառի հաշվին միայն էլեկտրաէներգիայի արտադրության մասին է` այն դեպքում, երբ «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Սևանա լճից էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով ջրի բաց թողնումն ընդհանրապես արգելված է: Փաստաթղթում գրված է, որ Միջազգային էներգետիկ կորպորացիան (Հրազդան-Սևան ՀԷԿ-երը շահագործողը) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այդ լրացուցիչ ջրի հաշվին արտադրված էլեկտրաէներգիայից ստացված գումարը պետք է փոխանցեն կառավարության արտաբյուջետային հաշվին: Ոչ մի բան պարզ չէ, նաև` այն, թե այդ գումարն ինչու պետք է փոխանցվի արտաբյուջետային հաշվին, ինչ նպատակներով պետք է ծախսվի: Սա օրենքների կոպիտ խախտում է, սա չի թույլատրվում:
Երրորդ. անդրադառնալով ոռոգման նպատակով Սևանա լճից հավելյալ ջրառի պատճառաբանությանը, ընդգծեմ, որ, առաջինը, չեն պարզել, թե ինչքան ցանքատարածություն կա, ինչ մշակաբույսեր են այնտեղ, գյուղացուն որքան ջուր է պետք ոչ թե ընդամենը մեկ-երկու անգամ ջրելու և դրանից հետո իր ծառերը, վազերը, մշակաբույսերը չորացնելու համար, այլ մինչև բերք ստանալը: Այսօր կարող են ջուր տալ, ջրի, վաղը ջուր չունենա, էլի չորանա, ի՞նչ տարբերություն, այդ դեպքում ավելի լավ է սկզբից չտան այդ ջուրը:
Չորրորդ. Սևանա լճից վերցված փորձանմուշներում, «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2016 թվականի պաշտոնական տեղեկանքի համաձայն, ըստ ձկնատնտեսական նորմերի գնահատման, մագնեզիումի խտությունը սահմանային թույլատրելի խտությունից 1.2 անգամ բարձր է եղել, քրոմինը` 1.2-1.7 անգամ, վանադիումինը` 3.8-8.0 անգամ, պղնձինը` 1.4-1.5 անգամ, սելենինը` 1.2-6.5 անգամ: Վանադիումը բաղկացած է ռադիոակտիվ իզոտոպներից, այդ տարրերը ռադիոակտիվ ու թունավոր նյութեր են, ջրում դրանց նշածս պարունակության դեպքում այդ ջուրն ընդհանրապես պիտանի չէ ձկնարտադրության համար, իսկ մագնեզիումի մեծ պարունակությունը հանգեցնելու է Սևանա լճի ջրերով ոռոգվող հողերի աղակալման, շարքից դուրս գալու: Դրանով մենք գյուղացուն լավություն անելու փոխարեն, վատություն ենք անում, քանի որ նրա հողերը 2-3 տարի հետո ոչ պիտանի են դառնալու գյուղատնտեսության համար, վերածվելու են աղուտների:
Կարելի է ենթադրել, որ լճում նշածս քիմիական տարրերի անթույլատրելի խտությունները Սոթքի ոսկու հանքի շահագործման հետևանքն են: Սևանա լճում այդ տարրերի անթույլատրելի խտությունների դեպքում իշխանությունները փոխանակ լճի մակարդակը բարձրացնելու, լճում ջրի ծավալն ավելացնելու, որպեսզի նշածս տարրերի պարունակությունը ջրում նոսրանա, սահմանային թույլատրելի խտությունների սահմաններում լինի, ճիշտ հակառակ կերպ են վարվում»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք