Ինչո՞ւ Աքորիի գյուղապետն ու բնակիչը տարիներ շարունակ չեն կարողանում համաձայնության գալ.«Հետք»


Ինչո՞ւ Աքորիի գյուղապետն ու բնակիչը տարիներ շարունակ չեն կարողանում համաձայնության գալ.«Հետք»

  • 18-07-2017 12:58:06   | Հայաստան  |  Հասարակություն

«Հետք»-ի խմբագրություն է դիմել Աքորիի բնակիչ Հռիփսիկ Միկոյանը։
 
Տիկին Հռիփսիկը բողոքում է, որ 1997 թվականին ձեռք բերած սեփական տանը, արդեն 20 տարի է, չի կարողանում հանգիստ բնակվել, քանի որ տան դիմացով անցնող Աքորի-Կաճաճկուտ ճանապարհով մեքենաները այնքան արագ են ընթանում, որ ճամփեզրին գտնվող տան պատերը շարժվում են։
 
«Ոնց որ երկրաշարժ։ Մենակ իմը չի։ Էն առաջին հարկը ով որ ապրում ա, նրանցն էլ ա։ Դաժը խալին պատիցը վեր էր ընկել, շուշեն շկաֆիցը վեր էր դառել»։
 
Ասում է՝ տարիներ շարունակ բողոքներ է ներկայացրել քաղաքային իշխանություններին, սակայն հարցը անպատասխան է մնացել։ 2013-ին, 2015-ին, 2016-ին և 2017-ին դիմել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին։ Տեղեկացրել է, որ տունը գտնվում է գյուղ մտնող ճանապարհի եզրին՝ երթևեկելի գուտուց 2-3 մ հեռավորության վրա։ Այդ ճանապարհով անցնող մեքենաները ընթանում են 80-100 կմ/ժ արագությամբ, որի պատճառով տունը շարժվում է՝ վնասելով տան պատերը, ճեղքեր առաջացնելով, ծեփերը թափելով։
 
2013-ին Միկոյանը դիմել է նաև ճանապարհային ոստիկանության Լոռու մարզային բաժնի այն ժամանակվա պետ Վարդան Նարգիզյանին։ Հայտնել է, որ գյուղով անցնող ճանապարահը Աքորի և Կաճաճկուտ գյուղեր տանող միակ ճանապարհն է, այդ պատճառով այն մշտապես ծանրաբեռված է լինում և ճանապարհով անցնող մեքենաները գերազանցում են արագությունը՝ իրենց անհանգստություն պատճառելով։
 
Միկոյանը նաև Նարգիզյանին տեղեկացրել է, որ 2010 թվականի օգոտոսի 10-ին տան դարպասի դիմաց կանգնած է եղել, երբ բարձր արագությամբ ընթացքող ավտոմեքենայի տակից թռած քարը հարվածել է աչքին, որի պատճառով կորցրել է աջ աչքի տեսողությունը։
 
Այս նամակից հետո, Միկոյանի փոխանցմամբ, Նարգիզյանի կարգադրությամբ ճանապարհի վրա արհեստական անհարթություններ են կառուցվել։
 
Սակայն ամիսներ անց, երբ Միկոյանը Հայաստանում չի եղել, տեղադրված արհեստական անհարթությունները, գյուղապետ Հրահատ Սիմոյանի կարգադրությամբ, հեռացվել են։ Միկոյանի հավաստմամբ՝ անհարթությունները հեռացվել են վարորդների հորդորով, ովքեր Սիմոնյանին խոստացել էին գյուղապետ ընտրվելու համար ձայներ ապահովել։
 
«Վարորդներն ասել էին՝ Հրահատ, դու էդ արգելակները հանի, մենք քեզ համար ամեն տունը մի տասը ձայն կբերի։ Դե 20 վարորդ մենակ տաքսիներն են, ինչքան էլ ընենց կան վարորդներ։ Ու առաջվա գյուղապետին ինքը հաղթեց 350 ձայնով։ Դարձավ գյուղապետ ու իրա ասած խոսքի տերն էր եղել։ Եկա, տեսա՝ հանել ա»։
 
Գյուղապետը կնոջ հետ զրույցում պարզաբանել է, որ արգելակները հանել է, քանի որ դրանք տեղադրվել էին առանց թույլտվության։
 
Միկոյանի խոսքով ՝ չի կարողանում տան ներսը կահավորել, քանի որ ունեցած ողջ գումարով ամեն տարի տան պատի ճեղքերն է փակում։
 
Ինչպես «Հետք»-ին պարզաբանեց Աքորիի համայնքապետ Հրահատ Սիմոյանը՝ արհեստական հարթությունները հեռացվել են իր՝ գյուղապետ ընտրվելուց հետո (2012թ․)։ Ասում է՝ դրանք ավագանու որոշմամբ հեռացրել է, քանի որ տեղադրվել էին Հռիփսիկ Միկոյանի կողմից և չէին պահվել նորմերը՝ շատ բարձր են եղել, և մեքենաները անցնելուց «տակը խփել են»։
 
Գյուղապետի հավաստմամբ՝ դրանք տեղադրվել էին ինքնակամ, նախկին գյուղապետի պաշտոնավարման վերջին ամիսներին։
 
Համայնքապետի փոխանցմամբ՝ Հռիփսիմեին առաջարկել է արագությունը սահմանափակող ճանապարհային նշաններ տեղադրել, սակայն չի համաձայնել։ Գյուղապետն էլ չի դիմել ճանապարհային ոստիկանություն՝ օրինական կերպով իրավիճակը կարգավորելու  համար։ 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն