Ոգևորվելու առիթ չկա․ Լարսի այլընտրանքը շատ երկար ժամանակ կխլի (տեսանյութ)


Ոգևորվելու առիթ չկա․ Լարսի այլընտրանքը շատ երկար ժամանակ կխլի (տեսանյութ)

  • 18-07-2017 17:28:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



«Մեզ համար հատկապես Աբխազիայով այլընտրանքային ճանապարհ ունենալու խնդիրը խիստ կարևոր է, որովհետև երկաթուղային բեռնափոխադրումներն ամենաէժան միջոցներից են աշխարհում, և մենք այդ  ճանապարհով կարող ենք դուրս գալ ոչ միայն ԵՏՄ անդամ երկրներ, այլ նաև եվրոպական երկրներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի բեռնառաքողների միության նախագահ Մակար Առաքելյանը՝ անդրադառնալով Աբխազիայի և Հարավային Օսիայի երկաթգծի բացման վերաբերյալ Ռուսաստանի և Վրաստանի միջև օրերս Պրահայում տեղի ունեցած բանակցություններին։
 
Բանախոսը վստահ է՝ եթե այս ծրագիրն ի վերջո կյանքի կոչվի, ապա Հայաստանի համար տնտեսական օգուտները զգալի կլինեն. կտրուկ կբարձրանա Հայաստանի արտահանումների ծավալը։
 
«Մենք ունենք շուկաներ, գյուղմթերքի զգալի սպառում ունենք, և գյուղմթերքի ոլորտում աշխատում է բնակչության մոտ 40 տոկոսը, այսինքն՝ սրանով զբաղվածության տոկոսն էլ է մեծանալու, եթե զարկ տանք այս ոլորտին, իսկ դրա համար պետք է ճանապարհ ունենալ։ Եթե էժան ճանապարհ չունենք  մեր ապրանքն արտահանելու համար, ապա տնտեսությունը չի կարող աճել, կանգնած վիճակում է, այսինքն՝ պահանջարկը կա, բայց միջոց չկա տանելու, որի պատճառով էլ հարևան երկրների հետ մրցունակ չենք, իսկ մրցունակ լինելու համար մեզ ենթակառուցվածքներ են պետք »,- նկատեց Մակար Առաքելյանը։
 
Վերջինիս  համոզված է, որ այդ ուղղություններով երկաթգծի բացումը իրական այլընտրանք է Լարսի ճանապարհին։
 
«Երբ որ Լարսը փակվում է, վնաս է ոչ միայն արտահանողների, այլ նաև ներմուծողների համար, և այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը ամեն օր մոտավորապես 500 հազարից մինչև 1 միլիոն դոլարի վնաս է կրում,- ասաց նա, սակայն նաև հավելեց,- այդ երկաթգծի բացման ծրագիրը շատ ու շատ ժամանակ կխլի, այնպես որ, մեզ համար Հյուսիսային Լարսի վերակառուցումը կլինի շատ լավ ճանապարհ։ Կարծում եմ, որ Հարավային Օսիայով բեռնափոխադրումների ճանապարհը մոտ ապագայում տեսանելի է, իսկ Աբխազիայովը՝ ոչ»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը