Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը


Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը

  • 18-07-2017 19:01:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 18-ին կայացավ Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հանդիպումը:
 
 
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, այնուհետև շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
 
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ իր գործընկերոջ այցելությունը տեղի է ունենում Հանրապետության Նախագահի՝ ընդամենը մի քանի ամիս առաջ Էմիրություններ կատարած այցից, հայ-էմիրաթական գործարար համաժողովի հաջող անցկացումից հետո, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկել այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
 
Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների միջև ձևավորված են ջերմ բարեկամական հարաբերություններ, փոխշահավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում՝ շեշտելով, որ դրանում իր ներդրումն ունի նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքը:
 
Զրույցի ընթացքում ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ համագործակցության հետագա զարգացման հարցերի լայն շրջանակ՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի խորացման, ներդրումների խթանման և մի շարք այլ հարցեր: Զրուցակիցները համակարծիք էին, որ բարձր մակարդակով փոխայցելությունները, միմյանց մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը նպաստում են փոխգործակցության ամրապնդմանը, ինչին, նախարար Նալբանդյանի համոզմամբ, կնպաստի նաև Դուբայում վերջերս հիմնված Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:
 
Նախարարներ Նալբանդյանը և Ալ Նահայանը կարևորեցին ԱԳ նախարարությունների միջև երկկողմ և միջազգային օրակարգին առնչվող հարցերի վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների անցկացումը:
 
Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը բարենպաստ երկիր է զբոսաշրջության համար, և վերջին շրջանում Էմիրություններից գրանցվել է զբոսաշրջիկների էական աճ:
 
Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանը ներկայացրեց արաբական թերակղզում վերջին զարգացումները և դրանց վերաբերյալ Էմիրությունների մոտեցումները։
 
Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ընդգծելով, որ եռախագահող երկները՝ հանդես գալով միջազգային հանրության անունից, շարունակաբար շեշտում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային գործըթացն այլընտրանք չունի և հիմնահարցը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման հիման վրա։
 
Հանդիպումից առաջ ԱՄԷ արտգործնախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն