Շախմատի բաց առաջնություն Դիլիջանում՝ շախմատի միջազգային օրը
19-07-2017 13:31:56 | Տավուշի մարզ | Սպորտ
Հուլիսի 20-ին՝ շախմատի միջազգային օրը, Դիլիջանում տեղի կունենա շախմատի բաց առաջնություն՝ շախմատի միջազգային վարպետ Դավիթ Շահինյանի մասնակցությամբ։
Շախմատի բաց առաջնությունը Դիլիջանի համայնքային կենտրոնի հերթական նախաձեռնություններից մեկն է, որը փորձում է դարձնել քաղաքի կյանքն ավելի ակտիվ, դինամիկ եւ բազմազան ինչպես քաղաքացիների, այնպես էլ զբոզասաշրջիկների համար։
Դիլիջանի համայնքային կենտրոնի ծրագրային տնօրեն Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի խոսքերով շախմատը Հայաստանում դարձել ազգային սպորտաձեւ։ Շախմատ խաղում են եւ’ մեծերը, եւ’ փոքրերը։ Շախմատի միջազգային օրվա բաց առաջնությունը քաղաքում կվերածվի իսկական տոնի` իր հետ բերելով մրցակցային ոգի, եւ ավելի մեծացնելով հետաքրքրությունը դեպի այդ սպորտաձեւը»։
Առաջնությունը տեղի կունենա քաղաքի գլխավոր հրապարակում՝ երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում բոլոր մասնակիցները կմրցեն միմյանց հետ, որի արդյունքում կընտրվեն 10 լավագույն խաղացողները: Երկրորդ փուլում միջոցառման պատվավոր հյուրը՝ Դավիթ Շահինյանը, նրանց հետ կանցկացնի միաժամանակյա խաղի սեանս: Առաջնությանը կարող են մասնակցել 8-45 տարեկան քաղաքացիներ եւ հյուրեր։ Խաղի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ, իսկ հաղթողները՝ մրցանակներ։
«Տավուշի մարզի Շախմատի Ֆեդերացիան ողջունում է Դիլիջանի համայքային կենտրոնի այսպիսի նախաձեռնությունը եւ խրախուսում դրա շարունակականությունը», -նշեց Տավուշի մարզի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Հովիկ Աբովյանը։
Շախմատի միջազգային օրը՝ հուլիսի 20-ը, տոնում են 1966 թվականից։ Տոնը նշվում է 178 երկրներում: