Ինչո՞ւ են տնտեսվարողները վիճում բեռնափոխադրումների ու մաքսազերծման նոր գործընթացի շուրջ (տեսանյութ)


Ինչո՞ւ են տնտեսվարողները վիճում բեռնափոխադրումների ու մաքսազերծման նոր գործընթացի շուրջ (տեսանյութ)

  • 19-07-2017 17:37:51   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Փորք և միջին ձեռներեցները միայնակ չեն կարող ապրանք ներկրել Հայաստան»,- համոզված է  «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանը:
Վերջինս անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից կազմակերպվող բեռնափոխադրումների ու մաքսազերծման նոր գործընթացին` ընդգծեց, որ այն իրենց ձեռնտու չէ, քանի որ լրացուցիչ ժամանակ ու գումար է պահանջում: 
 
Ըստ նրա` կառավարությունն այնքան արդյունավետ գործ չի անում փոքր և միջին ձեռներեցների համար, որքան «ԿԱՐԳՈ»-ն, հետևաբար նա հորդորեց  պատկան մարմիններին իրենց ընտրության հնարավորություն տալ, այլ ոչ թե դադարեցնել «ԿԱՐԳՈ»-ի գործունեությունը: 
 
«Իմ կարծիքով` առաջնահերթ «ԿԱՐԳՈ»-ները չպետք է փակվեն, եթե իշխանություններն ուզում են առևտրականների համար ինչ-որ լավ բան անեն, ապա թող այլընտրանք ստեղծեն և հավասարություն մտցնեն, որպեսզի ապօրինի ապրանք Հայաստան չմտնի: Ես չգիտեմ թող 1  կամ 5 դոլար սահմանեն, միայն թե վստահ լինենք, որ իրենց հարազատների ու բարեկամների բեռնատարները 1 դոլարով չեն մտնի Հայաստան, իսկ մերը` 5 դոլարով»,- նշեց Գ. Դանիելյանը: 
 
Իր հերթին  «Ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը պնդեց, որ ՊԵԿ-ի նախաձեռնությունը լավ հնարավորություն է տնտեսվարողների համար ինքնուրույն գործունեություն ծավալելու տեսանկյունից:  
Նրա համոզմամբ` վաղուց ժամանակն է ազատվելու «ԿԱՐԳՈ»-ի պես խոշոր միջազգային բեռնափոխադրում իրականացնող ընկերության ծառայություններից և անձամ ներկրել ու մաքսազերծել սեփական ապրանքը: 
 
«Կոչ եմ անում ՓՄՁ-ներին օգտվել սրանից, ինքնուրույն սկսել գործել, ինքնուրույն վարել իրենց գործունեությունը: Փոքր և միջին ձեռներեցներին հնարավորություն է տրվել այլևս ավելի թանկ գնով չգնել խոշորից կամ ներկրողներից»,- նշեց Տ. Հովհաննիսյանը` ընդգծելով, որ ՊԵԿ-ի կողմից կազմակերպվող նոր գործընթացի նպատակն է վերահսկողություն սահմանել շրջանառության վրա:
 
Միաժամանակ «Ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահն առաջարկեց տնտեսվարողներին գոնե երեք ամիս օգտվել ՊԵԿ-ի ընձեռած հնարավորությունից և ձեռնտու չլինելու դեպքում, շարունակել ապրանքները ներկրել «ԿԱՐԳՈ»-ի միջոցով: 
 
Նշենք, որ Պետեկամուտների կոմիտեն զրկել է «ԿԱՐԳՈ»-ին մաքսազերծման ֆունկցիա իրականացնելու հնարավորությունից՝ թույլ տալով միայն տեղափոխել տնտեսվարողների բեռները։ Մաքսազերծումն այսուհետ իրականացնելու է նոր ընկերություն, որը գործելու է ՊԵԿ վերահսկողության ներքո: 
 
«ԿԱՐԳՈ»-ներն այն ընկերություններն են, որոնք Թուրքիայից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այլ երկրներից մեծ ծավալի ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ են զբաղվում։ 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն