Այս տարի Հայաստան կատարված զբոսաշրջային այցելությունների թիվն աննախադեպ աճ է ապրել. Զարմինե Զեյթունցյան


Այս տարի Հայաստան կատարված զբոսաշրջային այցելությունների թիվն աննախադեպ աճ է ապրել. Զարմինե Զեյթունցյան

  • 19-07-2017 15:44:39   | Հայաստան  |  Հասարակություն

 
2017 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստան կատարված զբոսաշրջային այցելությունների թիվն աննախադեպ աճ է ապրել: Այս մասին հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը` ամփոփելով ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում զբոսաշրջության ոլորտում արձանագրված ցուցանիշները: 
 
Ըստ նրա` սահմանային անցակտերից ստացված տվյալների համաձայն` 2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստան այցելությունների նախնական թիվը կազմել է 1 միլիոն 350 հազար 791, ինչը 24,3 տոկոսով աճ է 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
 
«Նաև կուզեի նշել զբոսաշրջային այցելությունները, որը մենք ունենք կիսամյակների և եռամսյակների կտրվածքով. 2017 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում գրանցել ենք 18,2 տոկոս զբոսաշրջության աճ, 298 հազար 533 զբոսաշրջիկ. սա աննախադեպ բարձր թիվ է, և մեզ համար շատ դրական արդյունք:  Իհարկե, մենք մեր առջև նպատակ ենք դրել գոնե կրկնապատկել զբոսաշրջիկների թիվը, ինչի համար տարվում են շատ լուրջ աշխատանքներ»,- նշեց Զ. Զեյթունցյանը` շեշտելով, որ ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան այցելել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից: 
 
Նրա խոսքերով` ռուս զբոսաշրջիկների մեծ հոսքը պայմանավորված է ինչպես Զբոսաշրջության պետական կոմիտեի ակտիվ գործունեությամբ, այնպես էլ այն հանգամանքով, որ Ռուսաստանի քաղաքացիները Հայաստան կարող են գալ ներքին անձնագրերով: 
Նախնական տվյալներով` մոտավորապես 8000 ռուս զբոսաշրջիկ է արդեն այցելել Հայաստան: 
 
Բանախոսի փոխանցմամբ քիչ չեն եղել նաև այցելությունները Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրաքից, Կանադայից և Իսպանիայից: 
 
Անդրադառնալով դեռևս հոկտեմբերից նշագծված թիրախային շուկաններին, որոնց հետ աշխատում է Զբոսաշրջության պետական կոմիտեն` Զ. Զեյթունցյանը տեղեկացրեց, որ դրանք են ներքին շուկան, Ռուսաստանի, Իրանի, Գերմանիայի, Արաբական ծոցի երկրների, Սփյուռքի, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի այն երկրների շուկաները, որոնց հետ Հայաստանն ունի ուղիղ չվերթներ: 
Այս տարի ուսումնասիրում են նաև Չինաստանի և Ճապոնիայի շուկաները:  

Նշենք, որ Հայաստանն արտերկրում առավել ճանաչելի դարձնելու և մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունելու նպատակով պատկան մարմիններն այս տարի առանձնակի ուշադրություն են դարձնելու թվային մարքեթինգին: 

 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն