Համացանցում Հայաստանի ճանաչելիության բարձրացման նպատակով թվային մարքեթինգ է իրականացվելու. ակնկալվում է զբոսաշրջիկների մեծ հոսք
19-07-2017 16:23:59 | Հայաստան | Հասարակություն
Հայաստանում պաշտոնապես իր գործունեությունն է մեկնարկել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, որն աշխատելու է երկու հիմնական ուղղություններով:
Ինչպես հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Արա Խզմալյանը, առաջինը թվային մարքեթինգի իրականցումն է, ինչը ենթադրում է համացանցային տիրույթում Հայաստանի ճանաչելիության բարձրացում, երկրորդը` ավելացնել հետաքրքրվածությունը և հիմնավորել պատճառները, թե ինչու պետք է զբոսաշրջիկն այցելի հենց Հայաստան:
«Շատ լուրջ քաղաքականություն պետք է իրականացնենք թվային տիրույթում երկրի դիրքավորման և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ: Մենք արդեն իսկ ընդգրկել ենք այս ոլորտում փորձառու մասնագետների, և կարծում եմ, որ արդյունքները տեսանելի կլինեն շատ շուտով»,- նշեց նա` հավելելով, որ համապատասխան կայքի գործարկումով ևս էական փոփոխություններ կլինեն երկրի ճանաչելիության տեսակետից:
Նրա խոսքերով` վաղուց արդեն գաղտնիք չէ, որ միայն պատմամշակութային հարուստ ժառանգությունը բավարար մոտիվացիա չէ զբոսաշրջիկների մեծ հոսք և միջազգային հետաքրքրվածություն ապահովելու համար:
Ա. Խզմալյանի համոզմամբ` Հայաստանում զբոսաշրջության ակտիվացման կարևոր պայման է ենթակառուցվածքների զարգացումը:
«Նաև խնդիր ունենք ստեղծել տեղեկատվական կենտրոնների միասնական համակարգ. բոլորովին այլ ձևաչափով և տրամաբանությամբ պետք է աշխատեն այդ կենտրոնները, նախատեսում ենք նմանատիպ տեղեկատվական կենտրոնի բացում օդանավակայանում, այսինքն` ես միանգամայն համաձայն եմ և համակրում եմ այն ռազմավարությանը, որն ընտրել է Զբոսաշրջության զարգացման պետական կոմիտեն»,- ընդգծեց նա` հավելելով, որ իրենց հիմնական պայքարը ծավալվելու է տեղեկատվական դաշտում:
Հիմնադրամի տնօրենի պնդմամբ` տեղեկատվական դաշտում ունեցած հաղթանակն ակամայից ավելացնելու է զբոսաշրջային հոսքը:
Իր հերթին Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նկատեց, որ ներկայումս զբոսաշրջության զարգացման ոլորտում Հայաստանն ամենից հաճախ բախվում է ճանաչելիության խնդրին:
Նա ընդգծեց, որ թվային մարքեթինգի գործիքների ակտիվ և գրագետ օգտագործումն անհրաժեշտ պայման է 21-րդ դարում, ինչի շնորհիվ համացանցում Հայաստանի տեսարժան վայրերն ավելի ճանաչելի կդառնան: