«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առավելագույնս կնվազեցվի աղբանոցների ու աղբավայրերի թիվը


«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առավելագույնս կնվազեցվի աղբանոցների ու աղբավայրերի թիվը

  • 20-07-2017 15:32:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը հավանություն է տվել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին, որի նպատակն է  պետական, համայնքային  և հասարակական  կազմակերպությունների ներգրավմամբ իրականացնել մի շարք համալիր գործողություններ:  
 
Այն  իրենից ներկայացնում է պետություն–համայնք-մասնավոր հատված-քաղաքացիական հասարակություն  համագործակցություն՝ ուղղված Հայաստանն աղբից մաքրելուն, դրա հետագա կուտակումներն աղբահանության համար չնախատեսված վայրերում կանխելուն: Արդյունքում նախատեսվում է առավելագույնս նվազեցնել  աղբանոցների ու աղբավայրերի թիվը,  սահմանափակ թվով արտոնագրված աղբավայրերի  շահագործում: Բացի այդ, ակնկալվում է շեշտակիորեն բարելավել հանրապետության շրջակա միջավայրը, այն ազատել վտանգավոր ներգործություններից, ինչպես նաև բարձրացնել երկրի զբոսաշրջային գրավչությունը: Ծրագրով նախատեսվում են նախապատրաստական, ուղղիչ և կանխարգելիչ գործողություններ: Ուղղիչ գործողությունների շարքին կարելի է դասել շաբաթօրյակները, աղբանոցներից աղբի տեղափոխումը գործող աղբավայրեր, աղբի լցակույտերի ծածկումը, աղբավայրերի ցանցապատումը և այլն: Կանխարգելիչ գործողություններից են էկոկրթության և էկոդաստիարակության ուղղությամբ միջոցառումների իրականացումը, քարոզչության և հանրային հսկման աշխատանքների կազմակերպումը, ինտերակտիվ համացանցային կայքի ստեղծումը և այլն: Նախատեսվում է նաև  իրավական և վարչական աշխատանքների կատարելագործում, որի արդյունքում կբարելավվի համայնքապետարանների կողմից կազմակերպվող աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կանոնակարգը՝ պահանջներն ու իրավասությունները: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր մարզ մշակելու է միջոցառումների ծրագիր: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտնել է, որ  2300 աղբավայրերի թիվն այսօր արդեն հասել է 564–ի: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է  դրանց թիվը հասցնել 126-ի: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն