Երկարաձգվել է ստուգումների իրականացման արգելքի ժամկետը


Երկարաձգվել է ստուգումների իրականացման արգելքի ժամկետը

  • 20-07-2017 15:37:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տեսչական բարեփոխումների շրջանակում ներկայում իրականացվում են տեսչությունների օպտիմալացման աշխատանքներ: Մինչև նոր տեսչական մարմինների վերջնական ձևավորումն անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ընդունված ստուգումների կասեցման արգելքը` նվազագույնի հասցնելով տնտեսվարող սուբյեկտներում ստուգումների քանակը: Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներում: Ըստ այդմ՝ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու և վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով  նախատեսվում է ստուգումների իրականացման արգելքի ժամկետը երկարաձգել՝  մինչև 2017 թ. դեկտեմբերի 30-ը: 
Կառավարությունը համապատասխան որոշումներով գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում «Գրին Ֆարմեր» ՍՊԸ ընկերությանը տրամադրել է  ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և  նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու և ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: «Գրին Ֆարմեր» ընկերությունը նախատեսում է  ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքում կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ ինտենսիվ այգիներ՝ կատարելով շուրջ 1,3 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում։ Արդյունքում հնարավոր կլինի ներդնել իտալական արտադրության ժամանակակից սարքավորումներ,  ստեղծել մոտ 230 աշխատատեղ, որից 200-ը սեզոնային, իսկ 30-ը՝  հիմնական: Միջին աշխատավարձը կկազմի՝  2018 թ.-ին 120, 2019 թ.-ին 130, 2020 թ.-ին 150 հազար ՀՀ դրամ:
 
 
 
 
Օրենսդրական նախաձեռնություններ
 
 
Հավանության է արժանացել «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և հարակից մի շարք օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնավորման համաձայն, հանրագրեր ներկայացնելու իրավունքը` որպես քաղաքական իրավունք, կարևորագույն նշանակություն ունի անհատական և հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից: Այն հնարավորություն է տալիս ապահովելու հասարակության առավել լայն մասնակցություն և ներգրավվածություն հանրային նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման գործընթացներին: Հանրագրերի ինստիտուտը լայն կիրառություն ունի միջազգային պրակտիկայում: Օրինագծերի ընդունմամբ կստեղծվեն  անհրաժեշտ իրավական կառուցակարգեր ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածով նախատեսված` հանրագիր ներկայացնելու իրավունքի գործնական իրացումն ապահովելու համար: Օրինագծերով, մասնավորապես, նախատեսվում է, որ հանրագրերը կարող են ներկայացվել գրավոր կամ բանավոր եղանակով, դրանք  կարող են լինել անհատական և կոլեկտիվ: Հանրագրի առարկան կարող է վերաբերել մշակութային, կրթական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական և հասարակական կյանքի այլ ոլորտներին, պետական և  տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների վերացմանը, պետական և  տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավմանը: Նախագծով սահմանվում են նաև հանրագիր ներկայացրած անձանց իրավունքները և պարտականությունները, այդ թվում` անհրաժեշտության դեպքում հանրագրի քննարկումներին  մասնակցելու իրավունքը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները: Արդյունքում  հանրագրերի ինստիտուտի ամրագրումը  կապահովի հասարակության մասնակցությունը  պետական և տեղական ինքնակառավարման գործընթացին: 
Գործադիրը հավանություն է տվել  «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում»,  «ՀՀ դատական օրենսգրքում», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը, մասնավորապես, պայմանավորված է քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունների ամրագրմամբ, ինչպես նաև նույնաբնույթ իրավական ակտերի միասնականության ապահովմամբ:
Կառավարության հավանությանն է արժանացել  ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի  նպատակն է մեկ միասնական մոտեցում ցուցաբերել շահումով խաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ:  Հիմնավորման համաձայն,  խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` սահմանված վայրերում և չափանիշներին համապատասխան: Սակայն հստակեցված չէ հավանության արժանացած  ծրագրի  համաներդրողների առկայության դեպքում, որ ներդրողը կարող  է հանդես գալ որպես կազմակերպիչ: Այդ հստակեցմանն է ուղղված օրենքի փոփոխությունը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն