Հաստատվել են էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները


Հաստատվել են էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները

  • 20-07-2017 15:39:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրով հանդես եկող «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս Ապահով» ՍՊԸ-ից (ՀՀն) բաղկացած համատեղ ձեռնարկությանը: Հիմնավորման համաձայն՝ համակարգի ծրագրային ապահովման մշակումը, սերվերային ենթակառուցվածքի նախագծումը, մատակարարումն ու տեղադրումը և ՀՀ տարածքում գործող 6 բուժհաստատություններում պիլոտային փորձարկումը իրականացվել է 2014-2015 թթ. ընթացքում: 2017 թ. սկզբից  համակարգին միացվել են պետական մասնակցությամբ առողջապահական ոլորտի մի շարք հաստատություններ, որոնց պետական պատվերի շրջանակում հաշվետվությունների կազմումն արդեն իսկ իրականացվում է համակարգի միջոցով։  ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է համակարգի ամբողջական ներդրումը ՀՀ բոլոր բուժհաստատություններում իրականացնել 2017 թ. և 2018 թ. առաջին եռամսյակում: Համակարգի հետագա շահագործումը և զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համակարգը կոնցեսիոն կառավարման հանձնել միասնական օպերատորին, որի համար ձևավորվել է միջգերատեսչական գնահատող հանձնաժողով, կազմակերպվել և իրականացվել է բաց մրցույթ։ 
 
 
 
Այլ որոշումներ
 
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգելու հնարավորություն չի նախատեսում, մինչդեռ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հնարավորություն է ընձեռում երկարաձգել հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը: Գործադիրը փոփոխություններ է կատարել երկու որոշումներում՝ համապատասխանեցնելով դրանք միևնույն հարաբերությունները կանոնակարգող վերոնշյալ օրենքին: Արդյունքում կբացառվեն երկարաձգված անձնագրերն օգտագործելիս ՀՀ քաղաքացիների համար առաջացող հնարավոր խնդիրները: Հիմնավորման համաձայն՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչը առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը: Բացի այդ, 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում խնդիրներ են առաջանում նաև անձնագրում փակցված լուսանկարի հետ քաղաքացիներին նույնացնելու ժամանակ, ինչը ևս հաճախ առաջ է բերում քաղաքացիների դժգոհությունը:
Կառավարության որոշմամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի հիմնադրամի՝ Մատենադարանի զարգացման ծրագրերի իրականացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Կարգավիճակի փոփոխությունը կնպաստի Մատենադարանի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարբեր աղբյուրներից, այդ թվում Սփյուռքից ներդրումների ապահովմանը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն