Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը փորձում է վերականգնել Հայաստանում խաղողի լայնածավալ արտադրությունը


Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը փորձում է վերականգնել Հայաստանում խաղողի լայնածավալ արտադրությունը

  • 21-07-2017 12:15:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանը ունի բարենապաստ պայմաններ խաղողագործության համար, ինչը շահութաբեր բիզնես է նույնիսկ ներկայումս։ Խաղողի գենետիկական ռեսուրսների և առողջ այգիների պահպանությանը բավարար ուշադրություն չդարձնելը կարող է խոչընդոտել այս ոլորտի հետագա զարգացմանը։ 
 
Հուլիսի 20-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Երևանում կազմակերպել էր աշխատաժողով, որի նպատակն է քննարկել խաղողագործության ոլորտը կարգավորող դաշտը և ուսումնասիրել Եվրոպական երկրներում խաղողագործության ոլորտում կիրառվող նորարար եղանակները։  Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, ՊԳԿ-ի ներկայացուցիչները, խորհրդատվական ծառայության մասնագետները և խաղողագործներ, ովքեր քննարկեցին Հայաստանում խաղողագործության հնարավորությունները, բացերը և խնդիրները։  
 
«Խաղողագործները հաճախ չունեն բավարար գիտելիքներ խաղողի ճիշտ էտման տեխնիկայի, ոռոգման, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, ինչպես նաև խաղողագործության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառության վերաբերյալ։»,- նշում է ՊԳԿ-ի գյուղատնտեսության գծով պատասխանատու Ավետիք Ներսիսյանը։ 
 
Գենետիկական ռեսուրսների պահպանման և լավ կառավարման համար ՊԳԿ-ն Հայաստանում հիմնել է 3 խաղողի այգիներ ՝ խաղողի կոլլեկցիոն այգի, մայրուտ և կրթական նպատակներով օգտագործվող ցուցադրական տեղամաս, որտեղ կիրառվում են ինտենսիվ խաղողագործության ժամանակակից տեխնոլոգիաները։ 
 
Հայաստանում խաղողագործության հիմնական վտանգը ֆիլոքսերան է։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ֆիլոքսերան խաղողի մի փոքր այգուց տարածվեց ամբողջ Արարատյան դաշտավայրում։ Ֆիլոքսերայի դեմ պայքարին է ուղղված ՊԳԿ-ի տեխնիկական աջակցության նոր ծրագիրը, որը մեկնարկեց աշախատաժողովի ընթացքում։ «Հայաստանում խաղողի այգիների 90%-ը ստեղծվել են սեփական արմատակալներից։»,- նշեց ՊԳԿ-ի փորձագետ Ներսիսյանը։ Միայն 10 տոկոսի դեպքում է օգտագործվել ֆիլոքսերադիմացկուն արմատակալ։ Ֆիլոքսերայի հետագա տարածումը կանխելու համար ֆերմերներն ապագա 3-7 տարիների ընթացքում ստիպված պիտի լինեն տնկել նոր ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալներ։ ՊԳԿ-ի նոր ծրագիրն այդ առումով ունի երկու հիմնական նպատակ՝ օգնել հավաստագրված ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրությանը և տրամադրել աջակցություն՝ մշակելու խաղողի տնկանյութի հավաստագրման նոր համակարգ։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն