Արցախում կա վտանգի զգացում, որի համար լայն կոնսոլիդացիա է պետք, նախագահի ընտրությունը դրանով էր պայմանավորված. քաղաքագետ
21-07-2017 12:58:01 | Հայաստան | Քաղաքական
Արցախի ընտրությունների հարցում որևէ անակնկալ չկար. չկար մրցակցություն և արդյունքն էլ կանխատեսելի էր. այսօր հրավիրված ասուլին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, որոնց արդյունքով որպես Արցախի Հանրապետության անցումային փուլի նախագահ ԱԺ-ն ընտրեց Բակո Սահակյանին:
Քաղաքագետը համաձայն չէ այն դիտարկման հետ, թե նման ընտրությունները միջազգային հանրությունը կդիտարկեն որպես Արցախի դեմոկրատական զարգացման ուղղուց շեղում:
«Արցախը չի ապրում այնպես, որ դուր գա, կամ չգա որևէ մեկին, պետք չէ մեկին դուր գալ, դա գործընթաց է, որը տեղի է ունենում պայմանավորված արցախյան ներքին հարցերով, որը վերջին տարիներին բոլորովին այլ ուղղությամբ է շարժվում»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի, եթե մի քանի տարի առաջ հույս կար, որ Արցախի ժողովրդավարական ուղին կարող է միջազգային հանրությունը որպես հարցի լուծում դիտարկել, այսօր այդ հույսը չկա:
«Այսօր արդեն բոլորն են հասկանում, որ միջազգային հանրությունը հայերի, Ղարաբաղի փոխարեն հարցը չեն լուծի, այսինքն՝ եթե դու լավն ես, դրա համար քեզ որևէ մեկը կոնֆետ չի տա»,-ասաց նա:
Իսկանդարյանի խոսով՝ այսօր Արցախում կա վտանգի զգացում և դրա համար լայն կոնսոլիդացիա է պետք, իսկ այդ պայմաններում նման որոշումներով ավելի հեշտ է կազմակերպել, այսինքն՝ հասարակության էլիտան նման որոշման գնաց ներքին խնդիրներով պայմանավորված:
Ինչ վերաբերում է ժողովրդավարության առումով Արցախի և Ադրբեջանի համեմատականին, ապա քաղաքագետը նշեց, որ դրանք առավել քան անհամեմատելի են:
«Ղարաբաղը Ադրբեջանի հետ անհնարին է համեմատել, Ադրբեջանը ոչ թե Անդրկովկաս է,այլ Միջին Արևելք՝ իր նավթային հոսքերով»,- ասաց նա:
Խոսելով սահմանին տիրող իրավիճակից՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ իհարկե դա ընտրություններով պայմանավորված չէր: «Այն, ինչ տեղի է ունենում շփման գծում, Ադրբեջանում ընդունված որոշում է, որը ո՛չ այսօր, ո՛չ էլ երեկ է որոշվել, դա ստրատեգիա է՝ պարբերաբար լարվածություն հրահրել սահմանին: Ադրբեջանը լայնածավալ գործողությունների չի գնում, բայց բանակցություններ էլ չի դիտարկում որպես խնդրի լուծում և դա հաշվի առնելով նման վիճակը կշարունակվի»,- ասաց նա: