Տեղի է ունեցել նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման խորհրդանշական միջոցառում


Տեղի է ունեցել նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման խորհրդանշական միջոցառում

  • 21-07-2017 16:18:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնակցել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններից նորակոչիկների զինծառայության ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառմանը: 
 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով զորացրված զինծառայողներին և բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթելով նորակոչիկներին` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ զինվորական ծառայության հերթափոխի խորհրդանշական փոխանցման այս նախաձեռնությունը ևս կդառնա ավանդական՝ համալրելով բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շարքը: Քաղաքապետի տեղակալը հիշեցրել է, որ արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպվում են երևանաբնակ զինծառայողների ծնողների այցելությունները սահմանամերձ զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին, ինչը լինելու է շարունակական: Դավիթ Օհանյանը  նաև  վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունները շարունակելու են սատարել երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին:
Մայրաքաղաքի Սբ Աննա և Սբ Մարիամ կաթողիկե եկեղեցիների բակում տեղի ունեցած խորհրդանշական միջոցառմանը մասնակցել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, ծնողներ և հարազատներ: Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների ծիսակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը Սուրբ Աննա եկեղեցում կատարել է նորակոչիկների օրհնության կարգ: 
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն