ԱՄՆ դեսպանատունը և COAF-ն ամփոփել են անգլերենի «Աքսես» ծրագիրը


ԱՄՆ դեսպանատունը և COAF-ն ամփոփել են անգլերենի «Աքսես» ծրագիրը

  • 24-07-2017 12:31:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) ամփոփեցին ԱՄՆ պետքարտուղարության անգլերենի ուսուցման «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագիրը: 
«Աքսես» ծրագրի ամառային ավարտական ճամբարի ընթացքում ծրագրի 102 մասնակիցները ներկայացրին անցած ճանապարհը և ավարտական վկայականներ ստացան։ 
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և COAF-ի համագործակցությունը անգլերեն լեզվի դասավանդման ծրագրերի շրջանակներում շարունակական բնույթ է կրում. սա համագրծակցության երրորդ փուլն է, որին մասնակցել է Հայաստանի 3 մարզի 100-ից ավելի դպրոցական։ 2011 թ. ի վեր ծրագրի շահառու է դարձել 13-ից 16 տարեկան պայծառ, տնտեսապես խոցելի 300 աշակերտ:
 
«COAF-ը հատուկ փիլիսոփայություն ունի՝ երեխաների միջոցով փոխել մեր ու նրանց ապագան՝ ավելի լավը դարձնելով։ Ու մենք համագործակցում ենք բոլոր այն տեղական ու միջազգային կառույցների հետ, որոնց գործունեությունը համահունչ է մեր ռազմավարությանն ու տեսլականին»,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։ 
2015-2017 թթ. ծրագիրն իրագործվել է Արագածավան (Արագածոտնի մարզ), Հացիկ (Արմավիրի մարզ), Թումանյան, Աքորի և Դեբետ (Լոռու մարզ) համայնքներում։ Համագործակցության նպատակն է խրախուսել անգլերենի ուսուցումը Հայաստանի գյուղական համայնքներում, ինչպես նաև խրախուսել երիտասարդներին՝ մասնակցելու իրենց համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործին: 
Անգլերենից համապարփակ գիտելիք ստանալուն զուգահեռ՝ «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագրի մասնակիցները հմտություններ են ձեռք բերում երեք այլ հիմնական ուղղություններով՝ ԱՄՆ մշակույթ և ժողովրդավարական արժեքներ, անձնային աճ, համայնքային ծառայություն: 
«Հայաստանում մեզ օժանդակող կառույցը COAF-ն է, որի հետ մենք շատ արդյունավետ ենք համագործակցում, ու շատ ուրախ ենք, որ նման գործընկեր ունենք Հայաստանում։ Դեսպանատանն արդեն ունենք «Աքսես» շրջանավարտ, մեր շրջանավարտները նաև մասնակցում են «FLEX» ծրագրին և հաջողություններ են գրանցում։ Մեր շրջանավարտներից շատերն իրենց ձեռք բերած գիտելիքների շնորհիվ ընդունվում են Ամերիկյան համալսարան, ԵՊՀ և շատ այլ համալսարաններ»,- նշեց ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ժաքլին Դիլին։ 
Լեզվի դասընթացից բացի, նախաձեռնությունը կենտրոնանում է նաև տեղական մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ գյուղի ուսուցիչներին ընդգրկելով որպես Աքսես ծրագրի դասավանդողների օգնականներ:
Այս համալիր ծրագրի անբաժանելի մասն են կազմում նաև լեզվի ուսուցմանը նպաստող լրացուցիչ միջոցառումները, այդ թվում՝ անգլերենի ամառային ճամբարները: 2017 թ. ամառային ճամբարը յուրատեսակ ավարտական հանդես է, որի ընթացքում գյուղաբնակ երիտասարդները դրսևորում են իրենց սովորածը և հանդես գալիս ելույթներով ու ներկայացումներով, ցուցադրում իրենց տաղանդն ու ընկերանում մյուս համայնքների իրենց տարեկիցների հետ։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն