Վարդավառ փառատոնը կրկին համախմբեց հարյուրավոր երիտասարդների


Վարդավառ փառատոնը կրկին համախմբեց հարյուրավոր երիտասարդների

  • 24-07-2017 12:58:32   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն

 
Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) հուլիսի 23-ին կազմակերպեց արդեն ավանդական դարձած «Վարդավառ միջազգային փառատոնը», որը չորրորդ տարին անընդմեջ համախմբեց բազմաթիվ երիտասարդների և տոնի հարյուրավոր սիրահարների: Փառատոնը նպատակ ուներ ներկայացնելու ազգային-ավանդական մշակույթը, լայն հասարակությանը ճանաչելի դարձնելու Վարդավառի տոնական և ծիսական առանձնահատկությունները: Ճանաչողական, կրթական, մշակութային փառատոնն անցկացվեց համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող Հայաստանի խոշոր հուշարձաններում՝ Գառնիում և Գեղարդում:
 
Վարդավառ միջազգային փառատոնին բացման խոսքով հանդես եկավ Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը՝ կարևորելով Վարդավառ տոնի նշանակությունը և դրա շրջանակում՝ միմյանց վրա ջուր ցողելու արարողությունը. «Ուրախ եմ, որ այս տարի ևս հաջողվեց պատշաճ կազմակերպել Վարդավառ միջազգային փառատոնը և հյուրընկալել հարյուրավոր երիտասարդների, բազմաթիվ օտարերկրացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների: Վարդավառը երիտասարդության ամենասիրված տոներից է. յուրաքանչյուր տարի մասնակիցների կողմից հետաքրքրությունը մեծանում է, սա նշանակում է, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել: Ազգային, մշակութային ավանդույթները տարածողները երիտասարդներն են, հենց նրանք պետք է պահպանեն ու հանրահռչակեն դրանք: Եվ, վերջապես, աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած հյուրերի համար մշակութային նման միջոցառումները միջոց են մեզ ավելի լավ ճանաչելու համար»:
Բացի տոնի` ավանդական միմյանց վրա ջուր ցողելու արարողությունից և երիտասարդության օրհնության կարգից, փառատոնի բազմաժանր ծրագրում ընդգրկված էին հայկական ազգային, կոմիտասյան երգի հոգեթով կատարումներ` մատուցված Նաիրյան վոկալ անսամբլի կողմից, ազգային խաղեր, Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերի ավանդույթները ու ձեռագործ աշխատանքները: Երիտասարդական ակումբների դաշնության Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի ու Տավուշի մարզային համակարգողները ևս միացել էին ամենամյա միջազգային փառատոնին: 
ԵԱԴ Լոռու համակարգող Սոխակ Մելքոնյանն առաջին անգամ է մասնակցում փառատոնին և առանձին տաղավարով ներկայացնում Վանաձորի տաղանդավոր երիտասարդների աշխատանքները. «Փառատոնը շատ լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք ներկայացնել վանաձորյան մթնոլորտը, երիտասարդների աշխատանքները: Մենք ոգևորված ենք ներկայացել այս միջոցառմանը և վերադառնալու ենք վառ տպավորություններով»:
Այս տարի առաջին անգամ Վարդավառ փառատոնի հյուրերին ողջունում էին նաև երիտասարդ դերասաններ, որոնք մարմնավորում էին Վարդավառի տոնին անմիջականորեն առնչվող Աստղիկ աստվածուհուն և Վահագնին: Հայաստանցի և օտարերկրացի հյուրերը, ինչպես նաև Սփյուռքից ժամանած հայրենակիցները Գառնիում հնարավորություն ունեցան լուսանկարվելու հայոց միֆականության նշյալ երկու կարևոր կերպարների հետ:
Փառատոնին աջակցեցին Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը (WostAYN), «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը, Նաիրյան վոկալ անսամբլը և ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:          
 
Նոյյան տապան  -   Հասարակություն