ՔԿՎ-ն միջնորդություն կներկայացնի դատարան՝ Հրաչյա Հարությունյանի դատավճիռը ՀՀ-ում ճանաչելու համար


ՔԿՎ-ն միջնորդություն կներկայացնի դատարան՝ Հրաչյա Հարությունյանի դատավճիռը ՀՀ-ում ճանաչելու համար

  • 24-07-2017 14:15:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Aysor.am. Արդարադատության նախարարության համապատասխան ծառայությունները այս պահին թարգմանում են Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության դատավճիռը:
 
ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայությունից Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ թարգմանված դատավճիռը Հրաչյա Հարությունյանի անձնական գործի հետ միասին կուղարկվի ՔԿ վարչություն, որտեղից արդեն համապատասխան միջնորդություն կներկայացվի դատարան՝ ՌԴ դատավճիռը ՀՀ-ում ճանաչելու համար:
 
Նաև տեղեկացանք, որ սովորաբար նման թարգմանությունները մեկ ամիս են տևում, սակայն այս գործով հանձնարարվել է արագացնել թարգմանության գործընթացը:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:
 
Այդ կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, դատապարտյալի փոխանցումից հետո օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:
 
ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը  որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:
 
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:
 
Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը