Զովունու գյուղապետը ինտենսիվ վաճառում է գյուղի սեփական հողերը.Hayacq.com
24-07-2017 15:26:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հոկտեմբերին տեղի կունենա համայնքային խոշորացումների հերթական փուլը, որի հետ կապված հնչում են ամենատարբեր հիմնավորված և անհիմն մեկնաբանություներ: Ինչևէ…
Կոտայքի մարզում կրքերը բորբոքվել են և մի շարք գյուղապետեր համայնքների խոշորացման դեմ ըմբոստանում են սուբյեկտիվ պատճառներից ելնելով, մասնավորապես, իրենց անգործությունը և անճարությունը փորձելով քողարկել՝ փաթաթելով անարդարությանը: Պարզ ասած, շատերը սպասվող առաջիկա ընտրությաններին մտավախություն ունեն, որ իրենք համայնքի ղեկավար այլևս չեն ընտրվի, քանի որ իրենց հնարավորությունները սպառել են: Ժողովուրդը իրենց չի վստահում և վերջապես մյուս համայնքներից (ավելի խոշորներինը) ավելի լուրջ դեմքեր են, իրենց ընդհանուր հնարավորություններով՝ արդյունքում իրենց ոսկե ձկնիկը ձեռքից բաց են թողնելու: Այս ամենն էլ նրանց ստիպում է դիմել մունետիկախաղի:
Hayacq.com-ի տեղեկություններով, համայնքային սեփականությունից մի քանի հեկտար հող են օտարում, վաճառում, նպատակ ունենալով, գոնե դատարկաձեռն չհեռանալ:
Մասնավորապես, Զովունու նորանշանակ գյուղապետ Վրույր Սիմոնյանը, ով նախկինում ոստիկանության համակարգում է աշխատել, բայց չգիտես ինչու մարզպետարանի համապատասխան կայքի անձնական իր էջում ընդհամենը կծկտուր տեղեկություն է դրված, որին հղում տալ մեզ չհաջողվեց, վերջերս որոշել է վաճառել 40 հեկտար համայնքային սեփականություն համարվող հողակտոր՝ հավանաբար հենց այս նույն մտավախությամբ: Նա 6-7 ամիս է ինչ գյուղապետ է դարձել, սակայն նույն հաջողությամբ մի քանի ամսից հնարավոր է դատարկաձեռն մնա և որոշել է իրեն իրավունք վերապահել ու նման խոշոր գործարքի գնալ:
Խնդիրը պարզելու նպատակով դիմեցինք Վրույր Սիմոնյանին: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է որոշել հիմա օտարել ու վաճառել հողատարածքը, արդյո՞ք նա մտավախություն ունի, որ չի վերընտրվելու և դրա համար էլ գնում է այս քայլին՝ Սիմոնյանը պատասխանեց.-«Ոչ նման բան չկա, 20 տարի ա հող չեն ստացել, հիմ ա որոշել ենք, որ տանք: Դատարկ մնա լավ ա թե տանք օգտագործեն: Հաջորդ քայլերին էլի տալու եմ թող գործ անեն, բա մեր գյուղի գործերը ի՞նչ փողով անենք»,-ասաց նորանշանակ գյուղապետը: