Ադրբեջանը լուրջ խնդիր է դարձել Մոսկվայի համար


Ադրբեջանը լուրջ խնդիր է դարձել Մոսկվայի համար

  • 24-07-2017 17:20:38   | Հայաստան  |  Վերլուծություն

Պուտինի եւ Ալիեւի Սոչիի հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը բավական սուղ է, կողմերի պաշտոնական հաղորդագրություններում ընդհանուր ձեւակերպումներ են տարածաշրջանի ու անվտանգության վերաբերյալ: Հաղորդագրություններում «բացակայում» է ղարաբաղյան թեման, համենայնդեպս առանձնահատուկ չի նշվում:
 
Հանդիպմանը նախորդող օրերին, ավելի ճիշտ հուլիսի 4-ի միջադեպից հետո ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունն սկսեց արտահայտվել նաեւ հրապարակային ռեժիմում: ՌԴ ԱԳՆ-ն երկու կոշտ հայտարարություն արեց Ադրբեջանի հասցեին: Ալիեւի հետ հանդիպումից առաջ Պուտինը խոսեց լեզգիների խնդիրներից, իսկ հանդիպման վերաբերյալ էլ ասաց. «Խնդիրն ինձ մոտ կլինի մեկ ժամից: Մեկ ժամ անց ես հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին»:
Զուգահեռ, Մոսկվան Ադրբեջանին նաեւ «բլիթ» էր մատուցում նորագույն զինատեսակների ու Հայաստանի ուղղությամբ տարբեր «առաջարկների» տեսքով, այդ թվում ռուսերենը ՀՀ պաշտոնական լեզու դարձնելու մասին:
Ադրբեջանը լուրջ խնդիր է դարձել Մոսկվայի համար: Ադրբեջանն ակտիվ մասնակցում է Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ու հաղորդակցական տարբեր նախագծերի, վարում է բավական ինքնուրույն արտաքին ռւ ռազմական քաղաքականություն:
Նկատելի է, որ Մոսկվան անորոշության մեջ է, նոր մոտեցումներ ու լուծումների տարբերակներ չկան, իսկ ավանդական մեթոդները, այդ թվում հայկական շահերի հաշվին, այլեւս սպառել են իրենց:
Այս խնդիրներն իրենց ազդեցությունն են ունենում Ղարաբաղյան թեմայի վրա, ավելի ճիշտ՝ այդ թեման դարձել է հարաբերությունների պարզաբանման ասպարեզ, որտեղ սակայն Բաքուն ու Մոսկվան հայտնվել են ռազմա-քաղաքական փակուղում, ապրիլյան ռազմագործողություններից հետո:
Կատարվել է այն, ինչն անխուսափելի էր՝ Ռուսաստանը քաղում է իր «պաիտետային» քաղաքականության պտուղը: Նկատելի է, որ Մոսկվան Բաքվին մղում է ինչ որ քայլերի, փորձում արագացնել դրանք՝ փոխադարձ անվստահության իրավիճակում: Պուտինի ու Ալիեւի առերեսումը հասունացել էր այս խնդիրների համատեքստում:
Ինչ հանգուցալուծում է լինելու՝ դժվար է ասել: Ռուսաստանին Ադրբեջանն անհրաժեշտ է ավելի, քան Հայաստանը, առավել եւս Ղարաբաղի խնդրում Հայաստանի իշխանության պահվածքի պայմաններում: Այդ պահվածքը Ադրբեջանին տվել է պատերազմի ու տարածքի իրավունք, Հայաստանի իշխանությունը պատրաստ է քննարկել ցանկացած տարբերակ՝ «կայունությունը», այսինքն՝ սեփական իշխանությունը պահպանելու համար, ինչն էլ դարձել է ներկայիս փակուղային ու պայթյունավտանգ իրավիճակի պատճառներից մեկը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play