Իրազեկել հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված ավտոբուսների երթուղիների մասին


Իրազեկել հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված ավտոբուսների երթուղիների մասին

  • 24-07-2017 17:24:51   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի տրանսպորտի վարչությանը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին հանձնարարել է իրազեկել համաքաղաքացիներին հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով կահավորված ավտոբուսների երթուղիների վերաբերյալ:
 
«Անցած երեք տարիների ընթացքում մենք 25 ավտոբուս կահավորեցինք հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով: Զեկուցվեց, որ դրանցից մի քանիսի վերելակները շարքից դուրս են եկել, և այսօր աշխատանքներ են տարվում դրանց վերանորոգման ուղղությամբ: Բայց այդ քանակի նվազումը չէ միայն, որ որոշակի դժգոհություն է առաջացրել մեր համաքաղաքացիների մոտ: Մարդիկ արդարացիորեն բողոքում են, որ հատուկ կահավորված ավտոբուսների աշխատանքային ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի չէ։ Ըստ այդմ քննարկեք տարբերակներ, որ մեր այդ համաքաղաքացիների համար հասանելի դարձնեք այդ ավտոբուսների երթուղիներն ու չվացուցակը: Նաև հնարավորին արագ ավարտեք խափանված վերելակների վերանորոգման աշխատանքները, որպեսզի դրանք շարունակեն պատշաճ շահագործվել», - նշել է Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջին տասը վերելակները հատուկ կարիքներ ունեցող անձանց համար ավտոբուսներում տեղադրվել էին դեռ 2014 թվականին, նույնքան էլ տեղադրվել են` 2015-ին, ևս 5-ը՝ 2016-ին:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play