«Սեյսմիկ պաշտպանության ծառայության» պետ Հրաչյա Պետրոսյանն ազատվել է աշխատանքից


«Սեյսմիկ պաշտպանության ծառայության» պետ Հրաչյա Պետրոսյանն ազատվել է աշխատանքից

  • 24-07-2017 19:53:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և ՊՈԱԿ-ների ղեկավար կազմի ու աշխատակիցների մասնակցությամբ, տեղեկացնում է ԱԻՆ կայքը: 
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի արդիականացման, օպտիմիզացիայի, կառուցվածքային փոփոխության և միջազգային համագործակցության հիմնահարցերը:
 
ԱԻ նախարարն ընդգծել է, որ սեյսմիկ պաշտպանության համակարգի օպտիմիզացիան և արդիականացումն իրականացվելու են միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա. մասնավորապես օպտիմիզացվելու է կառավարման համակարգը և թվայնացվելու են դիտացանցերը, ինչը թույլ կտա ավելի քիչ ռեսուրս ծախսելու պայմաններում ապահովել առավելագույն արդյունք:
 
Նախարար Տոնոյանը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը միջազգային ոլորտում՝ հատկապես դիտակայանների արդիականացման և դիտացանցերից ստացվող տեղեկատվության համալրման և թվայնացման գործընթացում՝ ներգրավվելով միջազգային մակարդակում իրականացվող ծրագրերում:
 
«ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը միջազգային համագործակցության գործընթացներում պետք է լինի նախաձեռնողի դերում, այլ ոչ թե՝ սպասողի»,- ասել է նախարարը:
 
Խորհրդակցության ավարտին նախարարը տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի՝ պաշտոնը զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու հիմքով աշխատանքից ազատման մասին: 
 
Ընդգծելով Հ. Պետրոսյանի ծավալուն և վաստակաշատ աշխատանքը սեյսմիկ պաշտպանության համակարգի ձևավորման գործընթացում՝ ԱԻ նախարարը վերջինիս պարգևատրեց ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալով և ՀՀ ԱԻՆ շնորհակալագրով:  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն