Հայկական լեռնաշխարհում համաշխարհային ջրհեղեղի ջրերը հասել են առնվազն 2600 մետր բարձրության


Հայկական լեռնաշխարհում համաշխարհային ջրհեղեղի ջրերը հասել են առնվազն 2600 մետր բարձրության

  • 24-07-2017 23:50:54   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
 
Ավելին. Հայաստանում հայտնաբերված ժայռապատկերն առնվազն հուշում է, որ մեր նախնիք մեղվապահությամբ են զբաղվել Քրիստոսից դեռ 3-12 հազար տարի առաջ
1985 թվականին Լիբանանից Հայաստան եկած և այդուհետ այստեղ հաստատված, մասնագիտությամբ ռեժիսոր Հովհաննես Ստեփանյանը ֆերմերությամբ (անասնապահությամբ, հողագործությամբ, մեղվապահությամբ) զբաղվելուց, գյուղական զբոսաշրջության ոլորտում համեստ քայլեր կատարելուց բացի, արդեն երկար տարիներ զբաղվում է նաև մեր ժայռապատկերների ուսումնասիրությամբ: Մեզ հետ հարցազրույցում Հովհաննես Ստեփանյանը հայտնեց իր կատարած երկու կարևոր բացահայտումների մասին: 
- Ձեր հետաքրքրությունների մյուս ոլորտը մեր մշակույթի, ժայռապատկերների ուսումնասիրությունն է, հատկապես ի՞նչ եք ուսումնասիրում, որտեղ և ի՞նչ եք հայտնաբերել, դրանք մյուսներից (հայտնի ժայռապատկերներից) տարբերվո՞ւմ են, թե ոչ, կամ ինչի՞ մասին են վկայում:
- Ժամանակի ընթացքում երբ որ ծանոթանում ես մեր մշակույթին, կամաց-կամաց գնում ես ավելի խորը, և մշակույթով, պատմությունով գտնում ես քո ինքնությունը: Երբ որ ինքնությունդ գտնում ես, սկսում ես ավելի խորը ճանաչել քեզ, ու դա դառնում է հիվանդության նման մի բան, ուզում ես միշտ ավելին իմանալ քո մշակույթի, անցյալի վերաբերյալ: Անպայման փորձում ես նաև կիսվել ուրիշի հետ: Այդպես սկսվեց մեր մշակույթի իմ ուսումնասիրությունը: Սկսեցի եկեղեցիներից, անցա դեպի խորհրդանշանները և ժայռապատկերները:
Ժայռապատկերները սկզբում սկսեցի լուսանկարել, GPS-ով նշել, թե որտեղ ինչ եմ տեսել, տեղագրել, և երբ ընթացքում սկսում էի համեմատել, տեսնում էի, որ կապ կա, տեսնում էի զարգացումը ժայռապատկերների, ասենք, նմանատիպ պատկերների, ընդհուպ մինչև դրանց անցումը դեպի նոր մշակույթ, դեպի քրիստոնեության ժամանակաշրջան: Ամենահետաքրքիրն այն էր, որ երևում էր դրանց զարգացումը, յուրաքանչյուր անգամ մի նոր բան էի հայտնաբերում: Հատկապես երբ սկսեցի զբաղվել հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ, դրանք ինձ շատ ավելի օգնեցին հասկանալու այդ մշակույթը: Դա հասկանալի կդառնա, եթե փորձենք պատասխանել այն հարցին, թե ինչո՞վ էր զբաղված հնագույն ժամանակաշրջանում ապրած մարդը, որն այդ մշակույթը ստեղծեց: Ինքը հողն ուներ, ուներ անասունները կամ որսը, միաժամանակ ուներ, նրա տեսադաշտում էին աստղերը: Այդ մշակույթը հասկանալու համար այդ բաներին պետք է ծանոթ լինես:
Մի բան պատմեմ, որ հասկանալի լինի: Շատ լուսանկարներ ունեմ նկարած, որոնք մեկ-մեկ աչքով անցկացնում եմ: Եղեգնաձորից վերև, մինչև Ջերմուկ տարածքում գտնվող մի ժայռ կա, որի վրա փորագրված է ինչ-որ միջատ, թռչող մի բան: Թռչուն չէ, բայց եթե միջա՞տ է, հատկապես ի՞նչ է: Սկզբում չէի կարողանում որոշել, սակայն, մեղվի հետ աշխատանքով, մեղվապահությամբ գիտեի (ընդ որում, միայն ես չէ, որ գիտեմ, դա գրված է գրքերում, շատ մեղվապահներ գիտեն), որ մեղուն երբ ուզում է մյուս մեղուներին հայտնել, թե բերքը հեռու է, թե մոտ, նրանց այդ տեղեկությունը փոխանցում է իր թռիչքի յուրահատուկ ձևերով:
Եթե բերքը հեռու է, տվյալ մեղուն փեթակի մոտ ութ թվանշանի ձևով է թռչում, որով հայտնում է մյուս մեղուներին, որ բերքը հեռու է, իսկ եթե մոտ է, ինքը կլոր, օղակաձև պտույտ է կատարում ու դրա մեջտեղից վերև է բարձրանում: Այդ ժայռի վրա փորագրված է թռչող ինչ-որ կենդանի, բացի այդ, այլ նշաններից կամ պատկերներից բացի, այդ երկու նշանները կան (պառկած 8 թվանշանի կամ «Ինֆինիթի» ավտոմեքենայի խորհրդանշանի նման մի պատկեր և շրջանակ, որի մեջտեղում կետ է պատկերված), ընդ որում, միջատի պատկերի կողքին:
Երբ որ իմ սիրելի բարեկամներին, որոնք ուսումնասիրում են մեր ժայռապատկերները, ասում եմ, որ դա մեղու է, ընդդիմախոսում են, թե չէր կարող մեղվապահություն լինել այդ ժսմանակաշրջանում` Քրիստոսից 3-12 հազար տարի առաջ: Սակայն, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել թռչող այդ միջատի պատկերի կողքին նշածս երկու խորհրդանշի առկայությունը… Այս դեպքում չեմ կարող հետևություն չանել, որ այն մեղվի պատկեր է:
Պատկերացրեք` զբոսաշրջիկը գալիս է, ես իրեն բացատրում եմ մեղվի մասին, հետո տանում, ցույց եմ տալիս այդ ժայռն ու ժայռապատկերը: Էլ ի՞նչ է պետք զբոսաշրջիկին, որ հետաքրքրվի այդ ամենով: Մեղրն էլ որ ուտի, վերջ, պրծավ, ուրիշ բան պետք չէ այդ մարդուն: Զբոսշրջությունը շատ բազմազան դրսևորումներ ունի` նայած, թե ով ինչ է տեսնում, ինչ է փնտրում, իրեն ինչ է պետք: Ես դա եմ մատուցում մարդուն:
- Տեղյակ եմ, որ Արագածի վրա դուք ժայռապատկերներ եք տեսել, ի՞նչ կարող եք ասել դրանց մասին:
- Արագածի վրա ժայռապատկերներ շատ չկան, այն, ինչ տեսել եմ, գուցե եզակի է: Ժայռապատկերներն ավելի շատ Կոտայքի մարզից դեպի վերև են, հասնում են մինչև Զանգեզուր, Սիսիանի Իշխանասարի հատվածում են ավելի շատ: Արագածի վրա մի տեղ կա, որ նկատել եմ ժայռապատկերներ: Մասնագետ չեմ, որ բացատրեմ, թե Արագածի վրա ինչու գրեթե չկան, մասնագետները կարող են ասել, ես պարզապես արձանագրում եմ փաստը, որ տեսել եմ այնտեղ: Ժայռապատկերները հիմնականում 2500 մետրից ավելի բարձր են:
- Ինչո՞ւ…
- Տարբեր բացատրություններ կան: Որոշ մասնագետներ դա բացատրում են նրանով, որ մարդիկ, որպես սուրբ տեղ, գնում էին դրանից բարձր ժայռերի վրա պատկերներ անելու: Մասնագիտական շրջանակում կա նաև այն բացատրությունը, որ դրանից ներքև ամբողջությամբ ջուր էր, սառցակալում էր, դրա համար մարդը Քրիստոսից 10-12 հազարամյակից սկսած, որոշ ժամանակ ապրում էր ծովի մակերևույթից 2500 մետրից ավելի վեր, ժայռապատկերներն էլ այնտեղ են, որտեղ նա ապրել ու ստեղծել է այդ մշակույթը:
- Դա նշանակում է, որ նույնիսկ Հայկական լեռնաշխարհում ջուրն այդքան բարձրացա՞ծ է եղել:
- Այո, մինչև 2500-2700 մետր: Ասեմ նաև, որ Հայաստանում իմ արշավների, շրջագայությունների ընթացքում Վայոց Ձորի մարզում, Գնիշիկ գյուղից վերև, սարերում, մոտ 2600 մետր բարձրության վրա տեսել եմ մի քար, որի վրա կան ծովային խեցիների հետքեր, ինչից կարելի է եզրակացնել, որ ջուրը, համենայն դեպս, մինչև այդտեղ բարձրացել է:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ