Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին

  • 25-07-2017 16:55:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 25-ին «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի մասնակիցները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղ նրանց ընդունեց նախարար Վիգեն Սարգսյանը:
 
Ողջունելով արիտունցիներին՝ Պաշտպանության նախարարը նշեց, որ ծրագիրը սփյուռքահայ երիտասարդներին մեծ հնարավորություններ է ընձեռում ազգային ինքնության պահպանման և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում, ինչպես նաև ներկայացրեց Հայկական բանակի կազմավորման փուլերը, անցած ճանապարհն ու կարևորագույն ձեռքբերումները։ «Մեր պատմությունն այնպես է դասավորվել, որ ավելի մեծ թվով հայեր ապրում են Հայաստանի սահմաններից դուրս: Նրանց խնդիրները վերհանելու և Հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով գործում է Սփյուռքի նախարարությունը՝ իր փորձառու նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Վստահ եմ, որ այստեղ ձեզ համար ստեղծվել են բոլոր պայմանները՝ առավել լավ ճանաչելու Հայրենիքը: Ուզում եմ անպայման նշել, որ դուք պետք է կարողանաք հայ մնալ օտար ափերում, գիտակցեք ձեր ինքնությունը, այդ դեպքում դուք ավելի արժանապատիվ կյանքով կապրեք: Հայրենիքը կենարար աղբյուր է, որից դուք կարող եք անընդհատ սնվել: Հայ լինելը պատվաբեր է ողջ աշխարհում, քանի որ աշխարհում հային ճանաչում են՝ որպես աշխատող, արարող մարդու: Ուստի հայ լինելը ոչ միայն լրացուցիչ պարտականություն է, այլև՝ հնարավորություն»:
Անդրադառնալով հայոց բանակի կազմավորման պատմությանը՝ նախարար Սարգսյանը նշեց, որ մեր պետականաշինության ամենակարևոր քննությունը բանակաշինությունն էր: «Մեր բանակը ձևավորվել է Արցախյան պատերազմի ժամանակ և այսօր այն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, խաղաղության երաշխավորը: Մեր բանակը աշխարհում բնակչության թվի համեմատությամբ զորակոչվող զինծառայողների քանակով երրորդն է՝ Իսրայելից և Սինգապուրից հետո: Ուզում եմ անպայման ընդգծել, որ մենք պայքարում ենք խաղաղության համար», - նշեց Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը արիտունցիներին  կոչ արեց ավելի հաճախ գալ Հայաստան:
Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան ժամանող երիտասարդներին ո´չ միայն Հայաստանի պատմամշակութային վայրերը տեսնելու, այլև ռազմաուսումնական հաստատություններ ու զորամասեր այցելելու, զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպելու հնարավորություն է ընձեռվում։
 «Մեր պատանիներին և աղջիկներին ընդունելու համար Դուք տրամադրեցիք Ձեր բազմազբաղ ժամանակից, Ձեր խորհուրդներն ու գիտելիքները փոխանցեցիք նրանց: Ձեր անցած կրթական ճանապարհով և աշխատանքային փորձով Դուք լավագույն երիտասարդ բարձրաստիճան պաշտոնյայի օրինակ եք նրանց համար, պարոն Սարգսյան: Դուք փորձում եք կյանքի կոչել «Ազգ-Բանակ» գաղափարախոսությունը, որի շրջանակներում իրականացվում են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը՝ ուղղված սպայական մասնագիտության հանդեպ նոր հետաքրքրություն խթանելուն և խրախուսելուն բոլոր նրանց, ովքեր կայացրել են առաջնագծում ծառայություն անցկացնելու որոշում»:
Սփյուռքի նախարարը վստահություն հայտնեց, որ զինվորական կրթություն ստանալ ցանկացող արիտունցիներին մեծապես օգնեց Պաշտպանության նախարարի փոխանցած տեղեկատվությունը՝ Հայաստանի Հանրապետության ռազմական կրթություն ապահովող բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանեց հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի, որոնք առավելապես վերաբերում էին Հայկական բանակի հետագա հզորացմանն ու խաղաղության պահպանմանը, ինչպես նաև զինվորական ծառայությունը Հայրենիքում անցկացնելու հնարավորություններին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play