Նա տարիներ շարունակ բեմերից մատուցել է հայ պոեզիայի գոհարները. Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վ. Հակոբյանի մահվան կապակցությամբ
25-07-2017 17:31:42 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ցավակցություն է հայտնել սիրված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Ցավով տեղեկացա ճանաչված հաղորդավար, ասմունքող, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի մահվան մասին:
Վերա Հակոբյանը, որպես հաղորդավար, նշանակալի ավանդ է ներդրել Հայաստանի ռադիոյի կայացման և զարգացման գործում` արժանիորեն մեծ ժողովրդականություն վայելով ունկնդիրների շրջանում: Որպես ասմունքող՝ նա տարիներ շարունակ հայ պոեզիայի գոհարները մատուցել է Հայաստանի և սփյուռքի բեմերից»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: