Մարտունիում բացվեց առաջին, բայց ոչ վերջին հանրային լողափը (ֆոտոշարք)
25-07-2017 22:01:19 | Հայաստան | Հասարակություն
Վարդավառի տոնին ընդառաջ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղի բնակչության և քաղաքապետ Արմեն Ավետիսյանի նախաձեռնությամբ և ջանքերով բացվեց առաջին, բայց ոչ վերջին հանրային լողափը: Տոնական միջոցառմանը ներկա էին ինչպես բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, այնպես էլ Մարտունի քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները:
Վերջիններս նորաբաց լողափի ողջ երկայնքով տեղադրված տաղավարներում ներկայացնում էին տարածաշրջանին բնորոշ ավանդական և ծիսական ուտեստները:
Հանրային լողափի բացումը նշանավորվեց Ջրօրհնեքի արարողությամբ, որին հաջորդեց ուրախ երգ ու պար՝ հայտնի երգիչ-երգչուհիների, պարային համույթների մասնակցությամբ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Ամանորից հետո մարտունեցիների համար ամենակարևոր տոներից մեկը Վարդավառն է, որին մասնակից են դառնում մարզի բոլոր բնակիչները՝ անկախ տարիքից և սեռից:
«Հանրային լողափի բացման հարցում տնտեսական որևէ գործոն հաշվի չի առնվել, սակայն ինչպես տեսնում եք, այն մեծ հետաքրքրություն է առաջացրել բնակչության շրջանում և շատ հնարավոր է, որ այստեղ մարդիկ պաղպաղակներ կամ այլ մթերքներ վաճառեն»,- նշեց նա` հավելելով, որ նշյալ հանրային լողափը միակը չի լինելու:
Անդրադառնալով մարզի և համայքների առջև ծառացած խնդիրներին՝ նորանշանակ մարզպետն առանձնացրեց հատկապես ճանապարհների վերոնորոգումը և աշխատատեղերի բացակայությունը:
Իր հերթին Մարտունու քաղաքապետ Ա. Ավետիսյանն ընդգծեց, որ նորաբաց հանրային լողափը դեռ ավարտուն տեսք չունի, սակայն շատ շուտով համայնքի բնակիչները և զբոսաշրջիկները հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել Մարտունիում գտնվող ամենագեղեցիկ լողափում:
«Վարդավառ տարածաշրջանային փառատոն» խորագրով միջոցառման նպատակն էր վերականգնել տոնի խորհուրդը, աշխուժացնել համայնքային կյանքը: