Ֆիլիպինների նախագահը սպառնացել է ռմբակոծել բնիկ ցեղերի դպրոցները
26-07-2017 16:21:42 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կրկին առաջացրել է իրավապաշտպան կազմակերպությունների անհանգստությունը, երբ սպառնացել է ռմբակոծել բնիկ ցեղերի դպրոցները:
Ինչպես նշում է The Guardian-ը, Դուտերտեն ասել է, որ այդ դպրոցներում երեխաներին սովորեցնում են կոմունիստ ապստամբներ դառնալ ու պայքարել կառավարության դեմ:
«Ես այդ դպրոցները կռմբակոծեմ, կօգտագործեմ Ֆիլիպինների զինված ուժերը, օդուժը: Ես իսկապես դրանք կռմբակոծեմ, որովհետև դրանք գործում են օրենքից դուրս ու երեխաներին սովորեցնում են կառավարության դեմ պայքարող ապստամբներ լինել»,-ասել է Դուտերտեն:
Իրավապաշտպան կազմակերպություններն անմիջապես արձագանքել են նախագահի սպառնալիքներին: Մասնավորապես՝ հեղինակավոր Human Rights Watch-ը նշել է, որ նման հարձակումը կդիտարկվի որպես պատերազմական հանցագործություն:
Աղբյուրը մանրամասնում է, որ վերջերս կոմունիստ ապստամբները մի շարք հարձակումներ են գործել կառավարական ուժերի վրա՝ վիրավորելով նախագահի էլիտար պահակախմբի անդամներին: Դրանից հետո Դուտերտեն մաոիստ գրոհայիններին առաջարկել է խաղաղության շուրջ բանակցություններ սկսել: