Հրաչյա Հարությունյանի հարազատներին թույլատրվել է ամիսը մեկ անգամ տեսակցել նրան


Հրաչյա Հարությունյանի հարազատներին թույլատրվել է ամիսը մեկ անգամ տեսակցել նրան

  • 26-07-2017 18:27:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը, դուստրն ու թոռնիկը քիչ առաջ են վերադարձել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. մեկ ժամով տեսակցել են իրենց հարազատին:
 
Aravot.am-ի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի կինը` Անահիտ Մարտիրոսյանը պատմեց, որ ամուսինը բարձր տրամադրություն է ունեցել, ամենից շատ ուրախացել է` թոռնիկին տեսնելով. «Այսօր գնացել էինք տեսակցության, նոր ենք տուն վերադարձել: Ամուսինս շատ ուրախ էր, ասում է` չորս տարի Ռուսաստանում պատիժը կրելուց հետո ես ինձ այստեղ լիարժեք տանն եմ զգում: Զգացվում էր, որ դեռ հիվանդություն ունի, լավ չէ, բայց իրեն շատ լավ էր պահում: Այնքան էր ուրախացել. ամենից շատ թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջեցնում»:
 
Հիշեցնենք, որ ՌԴ Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում պահվող, 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում 18 մարդ էր զոհվել, օրերս է տեղափոխվել Հայաստան: Տիկին Անահիտն ամուսնու առողջական վիճակի մասին փոխանցեց, որ ստուգում է անցել, վաղն էլ սիրտն են ստուգելու: Հրաչյա Հարությունյանը սրտի, ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի: Կնոջ տեղեկացմամբ` ՌԴ-ում էլ ստուգումից հետո պարզվել է, որ թևի տակ ճարպագունդ կա, հիմա դա է նեղություն տալիս: Հրաչյա Հարությունյանի հարազատները նրան հագուստ ու անհրաժեշտ այլ պարագաներ են տարել, քրեակատարողական հիմնարկի պայմաններից գոհ են:
 
Հետաքրքրվեցինք` ՌԴ-ում պատիժը կրելու տարիների մասին ի՞նչ էր պատմում, Հրաչյա Հարությունյանի կինը պատասխանեց. «Ոչինչ չէր ուզում հիշել, թե ինչ է Ռուսաստանում կատարվել, ասում էր` լավ բան չկա, որ պատմեմ: Ուզում էր, որ մենք խոսեինք մեզնից, թոռնիկի հետ զրուցում էր»: Անահիտ Մարտիրոսյանը հայտնեց, որ այսուհետ ամուսնուն կարող են տեսակցել ամիսը մեկ անգամ: Քրեակատարողական հիմնարկում այսօր իրենց տեղեկացրել են, որ մյուս ամիս կարող են գնալ տեսակցության երեք օրով. քրեակատարողական հիմնարկում սենյակ կհատկացնեն Հրաչյա Հարությունյանի հարազատների համար: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play