Հայաստանը կունենա կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզ
26-07-2017 19:18:28 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 26-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության բարձրաստիճան պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց մարդածին և բնական աղետներին դիմակայուն ու պատրաստված հասարակություն և համայնքներ ձևավորելու հիմնախնդիրը:
Առաքելության հիմնական խնդիրներն են՝ օժանդակել Հայաստանում կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզի մշակումը, որի հիման վրա կընտրվեն նպատակների իրականացման ձևերն ու եղանակները՝ Հայաստանի հեռանկարային զարգացման նոր ռազմավարական ծրագրի և այլ ոլորտային ռազմավարությունների համատեքստում։ Ճանապարհային քարտեզը պետք է սահմանի համակարգման առաջնահերթությունները, անհրաժեշտ տվյալներն ու մեխանիզմները և ինստիտուցիոնալ ու ոլորտային ղեկավարման հարցերը: Առաքելությունը նպատակ ունի նաև ուղղորդել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը տեղական մակարդակում դիմակայուն և կայուն զարգացող համայնքներ ձևավորելու գործընթացում:
Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման հիմնախնդիրը՝ նշելով, որ դիմակայուն հասարակությունը նաև տնտեսության բոլոր ուղղությունների կայուն զարգացման գրավականն է:
Երկրում աշխատելու ընթացքում առաքելությունը կձգտի նպաստել հանրային իրազեկվածության մակարդակի, կարողությունների հզորացմանը, ինչպես նաև՝ շահագրգիռ կողմերին փոխանցել իր փորձառությունն ու քաղած դասերը: