Հայաստանը կծաղկեր, եթե գյուղ. նախարարությունը լիներ իր դերում


Հայաստանը կծաղկեր, եթե գյուղ. նախարարությունը լիներ իր դերում

  • 26-07-2017 19:28:40   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այսօր ինչպե՞ս է վերաբերվում այն ֆերմերներին, որոնք պետական որևէ աջակցություն չստանալով, իրենց տքնաջան աշխատանքով ազգօգուտ գործ են կատարում, օրինակ, վերականգնում ոչնչացման եզրին գտնվող ոչխարի և այծի հայկական տեսակները, որոնք արժեքավոր են ու դրսից բերված տեսակների համեմատ, մի շարք առավելություններ ունեն, էկոլոգիապես մաքուր, բարձրարժեք ու բուժիչ մեղր արտադրում, ծրագրում գոմեշապահությամբ ու ջայլամաբուծությամբ զբաղվել և այլն:
Գյուղատնտեսության նախարարությունը գուցե չգիտե՞ նրանց տեղը, նրանց մասին նույնիսկ չի լսել և այդ պատճառո՞վ չի աջակցում, թե այդպիսի ֆերմերների հոգսերը, դժվարությունները, Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը հիշյալ կառույցին չեն հետաքրքրում, նախարարությունն իր պարտականություններին վերաբերվում է իմիջիայլոց, և ինչ-որ բաներ անում է հիմնականում աշխատանքի երևութականություն ստեղծելու նպատակով: Հետաքրքիր է այս կապակցությամբ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում անասնապահությամբ զբաղվող ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանի կարծիքը.
«Մեր տնտեսությունը տարածաշրջանում եզակի տնտեսություն է, որն ունի հավաստագիր անասնաբուժության գծով բարձր մակարդակի վրա գտնվելու համար, հիմա գյուղատնտեսության նախարարությունը տեղյա՞կ է, թե ոչ…
Ավելին ասեմ. երբ հանրապետության կառավարության ղեկավարը` վարչապետ Կարեն Կարապետյանը, այցելեց Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզեր, շատ հետաքրքիր էր արդեն դրանից հետո գյուղնախարարի այցը, տարածքային կառավարման նախարարի այցը:
Շատ հետաքրքիր էր նաև, որ նրանք հանդիպեցին տեղի գործարարների, տնտեսությամբ զբաղվողների հետ, սակայն մեզ ընդհանրապես ոչ ոք հրավեր չուղարկեց այդ հանդիպումներին մասնակցելու: Հրավիրել են որոշ գեներալների, սրբազանների և այլոց, որոնք գումարներ են դրել, բայց ստեղծել ստանդարտներին չհամապատասխանող տնտեսություններ: Հասել ենք այն իրավիճակին, որ Եղեգիսի կիրճում գտնվող Գողթանիկի գյուղապետարանն նույնիսկ արդեն իր կայքում գրել է, որ զարգացման միտում ունի երեք ՀԷԿ և փորձում ենք մինչև 2017 թվականի ավարտ ևս 2 ՀԷԿ կառուցել: Ովքե՞ր են այդ ՀԷԿ-երի տերերը, նրանք առանձնապես այդ ի՞նչ օգուտ են տալիս մեր պետությանը, ժողովրդին, որ այդ օգուտն ավելի գերակա է համարվել տվյալ ՀԷԿ-երի տված վնասից` գետը ցամաքեցնելուց: Սա է իրավիճակը:
Գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ է գտնվում «Անասնաբուժական տեսչություն» կոչվածը, որը, չգիտեմ, ինչու է այսօր աշխատում, եթե, իհարկե, աշխատում է: Բացարձակապես չի եղել պետական անասնաբուժական ծառայության մի մասնագետ, որն այցելի մեր տնտեսություն ու հարցնի` ինչպիսի՞ն է ձեր տնտեսության վիճակը, ի՞նչ հիվանդություններ կան:
Այսօր ամբողջ տարածաշրջանում` և՛ Վայոց Ձորում, և՛ Գեղարքունիքի մարզում, ես անընդհատ ականատես եմ լինում «դաբաղ» տեսակի հիվանդության, որը, իրոք, վտանգավոր է: Կան գյուղացիներ, որոնք լաց են լինում բրուցելիոզով իրենց անասունների վարակված լինելու համար: Այդ վարակիչ հիվանդությունը չի կարող 10-20 օրում ի հայտ գալ, առկա իրավիճակը ցույց է տալիս, որ մեր անասնաբուժական ծառայությունն իր տեղում չէ, գյուղացուն, ֆերմերին չեն աջակցում: Դա հենց մեր օրինակով էլ կարող ենք ասել: Դեղորայքը գնում ենք շուկայից, որը կասկածելի արտադրություն ունի: «Ալպեն» տեսակի դեղորայքը, որը թուրքական ծագում ունի և այսօր հայաստանյան շուկայում վաճառվում է, մենք արդեն մի կողմ ենք գցել և անցել անասունների բուսաբուժության»:
Ըստ Տիգրան Եղոյանի, եթե անասնաբուժության ոլորտում կա մի մասնագետ, որը կասկածի տակ է դնում իր ասածը, ինքը սիրով հրավիրում է նրան` ցույց տալու և բացատրելու, որ կա այդ եղանակը, օրինակ, մեր Հայկական լեռնաշխարհում կա ծաղկատեսակ, որը կարող է օգնել ոչխարի «Քյափանակ» տեսակի հիվանդության բուժմանը:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play