Հուլիսի 29-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին մարզերը կունենան մաքրման ենթակա տարածքների քարտեզները


Հուլիսի 29-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին մարզերը կունենան մաքրման ենթակա տարածքների քարտեզները

  • 26-07-2017 19:30:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 29-ին կայանալիք երկրորդ համապետական շաբաթօրյակին ընդառաջ կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում  հանդիպում է տեղի ունեցել «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի մարզային ներկայացուցիչների հետ: 
 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը ներկայացրել է  «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի ընթացքի մասին տեղեկատվություն, քննարկվել են հուլիսի 29-ի շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանները:
 Ըստ այդմ՝  ստեղծվելու են  շաբաթօրյակի քարտեզները՝ ըստ համայնքների, սահմանազատվելու են  մաքրման ենթակա տարածքները: Վ. Տերտերյանը նշել է, որ յուրաքանչյուր մարզի համար  պետք է գույքագրել առկա տեխնիկական միջոցները, ապահովել համայնքներում աղբահավաքման և սանիտարական մաքրման համար անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում` մասնագիտացված բեռնատար մեքենաների ներգրավվածությունը նշված աշխատանքներում: 
Շաբաթօրյակի արդյունավետ իրագործման հարցում կարևորելով ԶԼՄ-ների դերը նաև  հանրության ակտիվ  մասնակցությունը,  Վ. Տերտերյանն ասել է. Արդյունքները, գոնե այս պահին, մեզ գոհացնում են, սակայն սա չի նշանակում, որ խնդիրը վերացել է, մենք պետք է շարունակենք այս աշխատանքները: Մենք պետք է շարունակենք  մարդկանց հոգեբանության, վարքականոնի, վարքագծի վրա ազդել, որպեսզի կարևորվի շրջապատի մաքրության պահպանումը, այդ առումով նաև պատրաստվում ենք  սոցիալական իրազեկման  արշավ սկսել:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել են 1480-ը, փակման ենթակա են ևս 272 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր: 
Հատուկ ստեղծված  http://map.transproject.am/ կայք-էջում  տարբեր երանգավորմամբ նշված աղբանոցները ցույց են տալիս ս.թ. ապրիլին ՀՀ բոլոր մարզերում անձնագրավորված աղբանոցների դասակարգումը՝ ըստ փակված, նույնականացման ենթակա և սպասարկման ենթակա դառնալու:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն